• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

Լավագույն հանգուցալուծումը հայկական կողմի ջախջախիչ հաղթանակն է

Автор:admin

Окт 17, 2020

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հարցազրույց է տպագրել «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ.

-Պրն Էստուկյան, ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ այսօր Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու վարձկան ահաբեկիչների աջակցությամբ պատերազմ է վարում Արցախի դեմ:

-Սա անսպասելի երեւույթ չէ, որովհետեւ տարիներ ի վեր Արցախի հարցն անլուծելի է մնացել: Հրադադարը չվերածվեց հաշտության եւ խաղաղության: Հետեւաբար, կատարվածն աnխուսափելի էր, մանավանդ որ Թուրքիան գրգռիչ դերակատարություն ունեցավ այս բոլորի մեջ: Պատճառն էլ շատ պարզ է. Թուրքիայի նախագահը վերջին տարիներին դիմում է զանազան արկածախնդրությունների, որպեսզի իր ներքին իշխանությունն ամրապնդի ու ապահովված պահի՝ դժգոհների ուշադրությունն ուղղելով դեպի արտերկիր: Այդ արկածախնդրությունները, անշուշտ, նաեւ գաղափարախոսական բնույթ ունեն: Մի կողմից՝ Միջին Արեւելքում կամ Հյուսիսային Աֆրիկայում այդ բոլորը կատարվում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գաղափարախոսությանը զուգահեռ, ինչի պատճառով էլ ահաբեկչություններն իրականացվել են, իսկ Արեւմտյան Միջերկրականում կատարվածը, դեպի Կովկաս տարածումը, նույնիսկ հետզհետե Հյուսիսային Կիպրոսում տեղի ունեցող միջամտությունները վկայում են նախագահ Էրդողանի արկածախնդրությունների, ճառ ասելու երեւույթի մասին: Այստեղ նույնպես նա գրգռիչ դեր ունեցավ եւ, անշուշտ, դիմեց աններելի մի քայլի՝ Արցախի դեմ նետելով սիրիացի ահաբեկիչների, իսլամական արմատական ահաբեկիչների: Այդ բոլորի գոյությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար, ներառյալ՝ Ադրբեջանի, լուրջ սպառնալիք է, լուրջ վտանգ: Այս պահին ահաբեկիչների ծառայություններից օգտվող Ադրբեջանի իշխանությունները, իբր, չեն գիտակցում, բայց շատ հավանական է, որ մոտ ապագայում լուրջ խնդիրներ ունենան:

-Խնդրում եմ,Ձեր արձագանքը Էրդողանի քաղաքականությանը. ոչ մեկի հետ չի հարմարվում՝ Սիրիա, Լիբանան, Լիբիա, Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս, քիթը խոթել է նաեւ Հարավային Կովկաս: Թուրքիայում որքա՞ն են հանդուրժելու Էրդողանի արկածախնդրությունները:

-Հասարակական կարծիքը ճշտելու համար այստեղ հարցումներ են անցկացվում, եւ պարզվում է, որ Էրդողանի վարկանիշն աստիճանաբար ընկնում է: Բայց որքան էլ այդ ցուցանիշը նվազի, նա 30 տոկոս անդրդվելի համակիրներ միշտ կունենա: Կողմնակիցների այդ անդրդվելիությունը պայմանավորված է երկու գործոնով: Խոսքը նպաստներ ստացողների ու կրոնական հակումներ ունեցողների, այլ կերպ ասած՝ իրեն հլու-հնազանդ հետեւողների մասին է: Սրանք միասնաբար կկազմեն նշածս 30 տոկոսը: Բուն խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը, համաշխարհային քաղաքական գործիչները ծայրաստիճան մեղմ են վերաբերվում Էրդողանի քաղաքականությանը եւ չեն կարողանում հակակշռել նրան: Թուրքիայի նախագահը ողջ Եվրոպային սպառնում է, որ իր երկրում ապաստանած սիրիացի փախստականներին կուղղորդի դեպի Եվրոպա: Համաշխարհային քաղաքականությունը կարծես թե անզոր է նրա դեմ, եւ դա է նրա սանձարձակ գործունեության պատճառը: Ամեն ինչ կարող է անել՝ կոպտությամբ, բռնությամբ, ագրեսիայով, պատերազմով, զենքով: Այնպիսի տպավորություն է, որ Եվրոպային գերեվարել է իր սպառնալիքներով: Մեր երկրի նախագահը շատ վտանգավոր գործիչ է դարձել: