• Чт. Июн 24th, 2021

Լավագույն ժողովրդական միջոցները գլխացավն առանց դեղորայքի մեղմելու համար. 7 բաղադրատոմս

Авг 5, 2020

Կյանքի ակտիվ ռիթմը, սթրեսները, հոգնածությունն ու մշտական լարվածությունը հաճախ են հանգեցնում գլխացավերի, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա և թույլ չտալ կատարել անգամ ամենօրյա գործերը: Նման դեպքերում ցավը մեղմելու համար սովորաբար մարդիկ անմիջապես ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն բժիշկները պարբերաբար հիշեցնում են, որ ցավազրկողների հաճախակի կիրառումը կարող է վտանգավոր լինել և բազմաթիվ կողմնակի բարդություններ առաջացնել:

Նման դեպքերում օգնության են հասնում ժողովրդական դեղամիջոցները, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն արդյունավետ կերպով մեղմում են ցավը: Այդ միջոցները կարող են հիանալի օգնական դառնալ գլխացավերի դեմ պայքարում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

  • 2 ճաշի գդալ լորենու ծաղիկներին ավելացնել 2 բաժակ տաք ջուր, դնել կրակին ու եռացնել 10 րոպե։ Ստացված ըմպելիքը հարկավոր է խմել որպես թեյ քնելուց առաջ մեկ բաժակ։
  • 1 ճաշի գդալ չորացրած տատրակին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու կես ժամ թրմել։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ ուտելուց մեկ ժամ առաջ մեկական ճաշի գդալ։
  • 1 ճաշի գդալ մարգագետնային երեքնուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև քամել։ Ստացված թուրմն ընդունել օրական երկու անգամ կես բաժակ։
  • 1 թեյի գդալ օշինդրի տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, փաթաթել տարան տաք կտորով ու թրմել 3-4 ժամ։ Ստացված թուրմն ընդունել օրական երեք անգամ 100 մլ։
  • 1 թեյի գդալ գնարբուկի մանրացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև թողնել սառչի և քամել։ Ստացված թուրմն ընդունել քնելուց առաջ կես բաժակ։
  • Խառնել հավասար քանակությամբ մանրացրած երիցուկի ծաղիները, անանուխի տերևները, հոռոմ-սամիթի պտուղներն ու կատվախոտի արմատները, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր ու ամբողջ գիշեր թրմել թերմոսի մեջ։ Ստացված թուրմը հարկավոր է խմել օրվա ընթացքում որպես թեյ։ 
  • 2 ճաշի գդալ լորենու չորացրած ծաղիկներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 10 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական 4 անգամ կես բաժակ։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխացավը պայմանավորված է լինում որոշակի առողջական խնդիրներով, որոնք անուշադրության մատնելը կարող է վտանգավոր լինել, ուստի մինչ ցավը մեղմելը հարկավոր է նախ պարզել բուն խնդիրն ու չզբաղվել ինքնաբուժությամբ: Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել ցավի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru