• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Իսկ մե՞նք ինչ ենք ուզում. Բանակի արձագանքը վարչապետին

Автор:admin

Окт 27, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ծանր տպավորություն է թողել, եւ արձագանքներն էլ չուշացան: Ամենակարեւոր արձագանքը բանակինն էր՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց Արցախի բնակավայրեր թափանցած թշնամու հրոսակախմբերի հայտնաբերման ու ոչնչացման գործողության մասին, ինչը չափազանց կարեւոր է, նկատի առնելով, թե այդ մարտավարությունը հոգեբանական ինչպիսի իրավիճակ է ստեղծել երկրում: Նա ասաց, որ իրավիճակը ռազմաճակատում ծանր է, բայց ոչ անհուսալի: Այնուհետեւ հրապարակվեցին լուսանկարներ թշնամու ոչնչացված աթս-ների մասին:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս անգամ էլ հրադադարը չստացվեց, եւ թշնամին ուզում է միայն Ղարաբաղի կապիտուլյացիա: Իսկ մե՞նք ինչ ենք ուզում. այս հարցն ամենեւին էլ հռետորական չէ, ելնելով մի շարք հանգամանքներից: Բաքվի պահանջը հստակ է՝ Ղարաբաղի խնդրի լուծում իր պայմաններով, որտեղ ոչ մի խոսք չկա հայկական իրավունքների մասին: Միջազգային հանրությունը ընդունել է դա ի գիտություն եւ փորձում է հասկանալ, թե ինչ է ուզում հայկական կողմը:

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե հայկական կողմն ուզում է զինադադար, փոխզիջումներ, այդ թվում՝ ցավոտ փոխզիջումներ, քաղաքակիրթ աշխարհի վերաբերմունք, ցեղասպանության վտանգի կանխում եւ այլն: Այդ ամենը հասկանալի է, բայց դա պահանջ չէ: Ճիշտ է, դրվում է նաեւ Արցախի ճանաչման հարցը, սակայն՝ կրկին նույն համատեքստում: Չկա հստակ հայեցակարգ՝ ինչպես ենք մե՛նք պատկերացնում այդ խնդրի լուծումը: Հղումները Մինսկի խմբին, միջազգային սկզբունքներին եւ արձագանքներին, եւ այլն, չեն հստակեցնում այդ խնդիրը:

Ավելին, իրարամերժ հայտարարություններն ավելի են խճճում իրավիճակը, ինչն իր հերթին անդրադառնում է ներքին եւ արտաքին ընդհանուր մթնոլորտի վրա: Ավելին, տեսնելով զինադադարի ու փոխզիջումների մեր պատրաստակամությունը, հակառակորդը հնարավորություն է տեսնում ավելի կարծրացնել իր դիրքորոշումը:

Զինադադարի երեք փորձերը տապալվել են, ընդ որում՝ Մինսկի եռանախագահ երեք երկրների փորձերը: Իր հերթին, Բաքուն դնում է միջազգային նորմերի միայն իրեն ձեռնտու մասով խնդիրը լուծելու պահանջը, եւ զինադադարի տպալաման նպատակներից մեկն էլ դա է: Քաղաքականության մեջ յուրաքանչյուր իրավիճակ պարունակում է թե ռիսկեր, թե հնարավորություններ: Կոնկրետ այս իրավիճակն ազատում է հայկական կողմի ձեռքերը իրավիճակը կտրուկ փոխելու համար, երբ այլեւս զսպող բան չկա:

Ակնհայտ է, որ գործընթացը տանում է կողմերից մեկին «խաղաղություն» պարտադրելու ճանապարհով, եւ միջազգային հանրությունն էլ տրամադրված է դրան:

Հայտարարվել է, որ սա գոյապայքար է, եւ մեր վերջին կռիվն է, եւ սա ճշմարտություն է: Ըստ այդմ, մեր գործողությունների տրամաբանությունը պետք է բխի հենց այս իրողությունից, որը ենթադրում է մի կողմ դնել ներքին ու արտաքին բազմաթիվ պայմանականություններ եւ գործել վճռական: Անհուսալի վիճակներ չկան, առավել եւս այն պայմաններում, երբ հայկական զինուժի ու աշխարհազորի հարվածներից Բաքուն կրել է մարդուժի ահռելի եւ սպառազինության մեծ մասի կորուստ:

Կորուստներ ունենք նաեւ մենք, այդ թվում խնդիրներ կան կազմակերպական մասով, որի արդյունքում հարավում ստեղծվել է բարդ իրավիճակ: Խնդիրը նախեւառաջ բանակի, պահեստազորի ու աշխարհազորի գործողությունների հստակեցումն է, խնդիրների հստակ սահմանումը, ինչը կկանխի անցանկալի երեւույթները, որոնց մասին խոսում էր վարչապետը, մեղադրեկով «սնարյադներից փախչողներին»: Ռազմաճակատում առկա բացերն ու կարիքները պետք է շտապ գնահատվեն ու կարգավորվեն:

Միեւնույն ժամանակ, խիստ կարգապահություն է պետք սահմանել թիկունքում, նախեւառաջ կանխելով ու խիստ պատժելով ոչ թե քննադատական խոսքը, այլ խուճապ ու հուսալքություն տարածողներին, ցանցերում ապոկալիպսիս գուշակող հոգեկան հիվանդներին ու մառազմատիկներին:

Սա շատ կարեւոր խնդիր է, քանի որ պատերազմի ելքը մեծապես կախված է հանրությունների ամրությունից, եւ խուճապը վճռորոշ դեր է խաղում: Բաքուն այդ պատճառով է փակել տեղեկատվության հնարավոր բոլոր աղբյուրները, իսկ մեր կողմում այս հարցն անտեսվել է, ինչի հետեւանքները նկատելի են: Խոսքն այն մասին է, որ համակարգված աշխատանք չի տարվել ադրբեջանական հանրությանն այլընտրանքային տեղեկատվություն հասցնելու համար, չնայած Հայաստանի ու սփյուռքի ահռելի պոտենցիալին:

Երեւում է՝ իշխող թիմը վստահ է եղել, որ պատերազմը երկար չի տեւելու: Թերեւս դրանից է գալիս նաեւ միջազգային հանրությանը պատասխանատվության տակ դնելու, նրան պատերազմի հետեւանքներով զգուշացնելու միտումը: Դա կարեւոր է իհարկե, բայց խնդիր չի լուծում: Խնդիրը լուծում է հայկական պահանջների հստակ ձեւակերպումը եւ դրանց իրականացման մեթոդոլոգիան: Օրինակ, երբ գեներալ Մանվելն ասում էր, որ պետք է թեյ խմի Բաքվում, դրա մեջ ավելի շատ ռազմավարություն կա, քան ներկայիս քաղաքական ձեւակերպումներում: Օրինակ, պետք է հստակ լինի, որ հայկական կողմը միջազգային նորմերի, զինադադարի պայմանավորվածությունների չկատարման պայմաններում, սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար իրեն իրավունք է վերապահում դիմել բոլոր հնարավոր ու անհնար միջոցներին, այդ թվում ռազմաճակատը տեղափոխելով հակառակորդի տարածք, եւ ռազմական գործողությունները շարունակվելու են այնքան, որ ճանաչվի հայկական իրավունքը:

Այդ ժամանակ ի հայտ կգան դաշնակիցներ, նոր զինատեսակներ եւ այլն, եւ ամենակարեւորը՝ կհաղթահարվի ներքին ծանրացող մթնոլորտը, ինչը պատերազմը հաղթելու պայմանն է: Այնպես չէ, որ հայկական կողմից նման հայտարարություններ չեն հնչել, սակայն դա չի եղել հետեւողական դիրքորոշում եւ չի ընկալվել որպես ռազմավարություն:

Հայ ժողովուրդը պատրաստ է ամեն ինչի, նրան գաղափար ու նպատակ է պետք հաղորդել ու վստահություն, որ դրանից նահանջ չկա: Մեկ բեկումը ռազմաճակատում բավական է թափանիվի անկասելի ընթացքին: