• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Ինչ կանի Իրանն Ադրբեջանին

Автор:admin

Дек 9, 2020

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Իրան, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրի ղեկավարության հետ: Բայրամովի այցի առանցքային թեման, անկասկած, լինելու է Թուրքիայի ներկրած զինյալների, վարձկանների հարցը, որոնք տեղակայվում են Իրանի հյուսիսային սահմանի հարևանությամբ: Ավելին, ըստ տարբեր տեղեկությունների, դրանք լուրջ խնդիրներ են ստեղծում Իրանի սահմանի անվտանգության տեսանկյունից: Այդ առումով, Թեհրանի յուրօրինակ խոստովանություն է այն, որ Իրանը հարվածային ստորաբաժանումներ է կենտրոնացրել իր հյուսիսային սահմանի հարևանությամբ: Անկասկած է, որ Թուրքիայի հաջորդ թիրախների շարքում իր առանցքային տեղն է ունենալու այսպես կոչված՝ հարավային Ադրբեջանը: Մյուս կողմից, սակայն, ահաբեկիչների հարցերի վերաբերյալ Թեհրանի հայտարարություններն ու զգուշացումները Բաքվի համար, կարծես թե, առոչինչ են: Թե՛ Թուրքիան, թե՛ նրա կցորդի վերածված Բաքուն բացարձակապես ուշադրության չեն արժանացնում Իրանի դժգոհություններն ու մտահոգությունները, ոչ միայն չհեռացնելով զինյալներին ռեգիոնից, այլևս, ըստ էության, ձեռնամուխ լինելով նրանց բնակատեղիների ստեղծմանն ու նաև ընտանիքների տեղափոխությունն ապահովելուն, շիաական Իրանի հյուսիսային սահմանին ձևավորելով սուննի մահմեդականների, թուրքմենների դեմոգրաֆիական օջախներ՝ հետագա ծավալման հեռանկարով: Սրան զուգահեռ, Ադրբեջանից Իրանին սպառնում է ոչ միայն Թուրքիան, այլևս Իսրայելը: Ըստ տարբեր աղբյուրների, Իրանի միջուկային ծրագրի ղեկավարներից, առանցքային գիտնականներից մեկի՝ իրանցի ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը կազմակերպվել և կառավարվել է՝ օգտագործելով նաև Ադրբեջանի տարածքը: Հայտնի է, որ սպանությունը կատարվել է անօդաչուից կառավարման միջոցով:

Միաժամանակ, բացարձակապես գաղտնիք չէ, որ Իսրայելի սերտ գործակցությունն Ադրբեջանի հետ ունեցել է հենց այդ գլխավոր նպատակը՝ Բաքուն վերածել Իրանի դեմ գործողությունների պլացդարմի, ինչը գործնականում ստանում է իր առաջին մահաբեր դրսևորումները: Ի՞նչ է այս ամենի առնչությամբ ասելու Թեհրանը Բայրամովին, եթե գործնականում կա մի վիճակ, երբ Իրանը լռելյայն կուլ է տվել այդ բոլոր վտանգների կուտակումը իր հյուսիսային սահմանին, և ավելին՝ ստանում է դրանք արդեն սահմանից ներս: Ակնառու է, որ գործակցված աշխատանքի իրանյան մարտավարությունն ուղղակի տապալված է, այն դեպքում, երբ Թեհրանը Հայաստանի հանդեպ էր դժգոհություն արտահայտում ընդամենը Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման կապակցությամբ, երբ Իսրայելն այդ ընթացքում ադրբեջանա-իրանյան սահմանն էր անցնում Բաքվի կանաչ լույսով: