• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Ինչ է նշանակում Էրդողանի զանգը Պուտինին

Автор:admin

Окт 15, 2020

Հոկտեմբերի 14-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Ըստ կրեմլի հաղորդագրության՝ երկու նախագահները քննարկել են Ղարաբաղյան իրադրությունը եւ անհրաժեշտությունը՝ կարգավորել հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ հիման վրա:

Պուտինը լուրջ անհանգստություն է հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավման առնչությամբ։ Ընդգծվել է, որ անհրաժեշտ են համերաշխ ջանքեր՝ հանուն արյունահեղության հնարավորինս արագ դադարեցման եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը անցնելու համար։ Պուտինը հույս է հայտնել, որ Թուրքիան, որպես ՄԽ անդամ իր կառուցողական ներդրումը կբերի հակամարտության ապաէսկալացիայի գործում։ Թեմայի առնչությամբ զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

Պարոն Մելիք-Շահնազարյան, արդյոք ինչ-որ բան նշանակո՞ւմ է այն հանգամանքը, որ հեռախոսազրույցի նախաձեռնությունը թուրքական կողմինն է։

Կարծում եմ՝ այո, որովհետև ակնհայտ է, որ թուրքական կողմը քաղաքական բանակցություններ սկսելու անհրաժեշտություն տեսնում է այն պահին, երբ դժվարություններ է տեսնում, այսպես ասած, գետնի վրա իրենց ծրագրերը իրականացնելու հարցում։ Թուրքիան հասկացել է, որ, աջակցելով Ադրբեջանին՝ հատկապես Սիրիայից տարածաշրջան ահաբեկչական խմբավորումներ բերելով, ինքն իր համար լուրջ խնդիրներ է ստեղծել, և ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Իմ համոզմամբ՝ Թուրքիան այսօր ամեն կերպ փորձելու է ամեն կերպ մաքրվել այդ խարանից, և փորձելու է համոզել արտաքին աշխարհին, որ խոսքը ոչ թե ահաբեկիչների մասին է, այլ սովորական վարձկանների կամ անգամ դրանց գոյության փաստն են փորձելու ամեն կերպ հերքել։ Թուրքիան տեսավ, որ Ռուսաստանում բավական ակտիվացել են քննարկումները՝ կապված այդ ահաբեկիչների հետ, իսկ այսօր արդեն նորությունն այն է, որ նույն կազմակերպությունների ղեկավարները փորձել են Վոլգոգրադում ահաբեկչական գործողություններ իրականացնել, և սա, իհարկե, նոր պրոբլեմատիկ հարց է ռուս-թուրքական հարաբերություններում, որն Էրդողանը, ամենայն հավանականությամբ, փորձելու է ամեն կերպ կանխել։

Ի՞նչ արտացոլում կունենա այս հեռախոսազրույցը Արցախյան հակամարտության գոտում, ինչպե՞ս կազդի պատերազմի ընթացքի վրա։

Ես ամեն դեպքում համոզված եմ, որ Արցախաադրբեջանական այս պատերազմը վաղուց արդեն դուրս է եկել այս 2 պետությունների շրջանակներից, և այն շատ ավելի լուրջ աշխարհաքաղաքական ազդեցություն և ներգրավվածություն ունի։Այո, Թուրքիայի նման գործողությունները և հատկապես Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական և ահաբեկչական այդ օգնությունը չի կարող անարձագանք մնալ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված այլ երկրների համար, որքան էլ նրանք զգույշ կամ դանդաղ գործեն, փորձեն դիվանագիտական լուծումներ գտնել, այնուամենայնիվ, պարզ է, որ դրանք բավական չեն լինելու տարածաշրջանում հետագայում ավելի գլոբալ ապակայունացումից զերծ պահելու համար։ Ռուսաստանն այսօր այդ խնդրի առջև է կանգնած, և իրենց անհանգստությունը՝ կապված ահաբեկիչների՝ տարածաշրջան հայտնվելու հետ, արդեն իսկ պատճառ է դառնում, որ այդ ահաբեկիչները գործեն նաև Ռուսաստանի դեմ արդեն Ռուսաստանի տարածքում։ Ես վստահ եմ, որ դա անհետևանք չի մնալու և այդ ապուկայունացումն ու տարածաշրջանի անվտանգությամբ հետաքրքրված ուժերի դանդաղումը բերելու է լուրջ խնդիրներ առաջինը հենց իրենց համար։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանն ուղղված իր ուղերձում շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին և մի շարք այլ պետությունների այս ընթացքում իրենց դերակատարության համար, ապա նշեց, որ հայ ժողովրդի պատմության համար վճռորոշ պահ է, ապա տարածվեց այս հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունը։ Այս իրադարձությունները ինչ-որ կապ ունե՞ն միմյանց հետ։

Փաշինյանի ուղերձը հանրությանը որևէ կերպ ազդված չէ թուրք-ռուսական այդ քննարկումների փուլից։ Փաշինյանը, իմ կարծիքով, այս պահի դրությամբ լուծում է այլ խնդիր՝ այն է պատերազմում հաղթանակի ապահովումը ցանկացած գնով։ Հիմա եթե նա դիվանագիտական լուծումներ չի տեսնում այս իրավիճակի համար և փորձում է ռազմական ճանապարհով չեզոքացնել թուրք- ադրբեջանական այդ վտանգը, դա մարտավարություն է, որը կարող է գոյություն ունենալ , և, իմ կարծիքով, շատ կետերով բավական արդարացված է, բայց, իհարկե, պետք է զուգահեռաբար շատ ուշադիր հետևել կոնֆլիկտի փաստացի այլ կողմերի գործողություններին, և այն, որ Էրդողանը կարիք է զգացել զանգահարելու Պուտինին և ինչ-որ բաներ խոսելու, կապված ահաբեկիչների հետ բացատրություններ տալու հետ, ես կարծում եմ, որ դա հայկական կողմի համար դրական ազդակ է, մենք պետք է շարունակենք փաստեր հավաքել, ապացույցներ բերել այն մասին, որ ադրբեջանաթուրքական իշխանությունները տարածաշրջանը դարձրել են ահաբեկիչների որջ և նրանց միջոցով փորձում են խնդիրներ լուծել։ Դրան ևս պետք է հետևել և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակել, բայց, իհարկե, առաջին հերթին աչքի տակ ունենալով հենց ռազմաճակատի զարգացումները, առաջնահերթությունը այս պահին, իհարկե, ռազմաճակատն է։

hraparak.am