• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

Ինչ է կատարվում իշխանության շարքերում | hraparak

Автор:admin

Ноя 19, 2020

Տևական ժամանակ է՝ իշխանության որոշ գործիչներ և իշխանամերձ որոշ շրջանակներ քննարկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինողի հարցը։ Այժմ արդեն, երբ Արցախի հողերը հանձնած, պատերազմում դաժան պարտություն կրած Նիկոլ Փաշինյանի վարկանիշը խայտառակ ցածր է, ավելի ակտիվ են սկսել քննարկումները իշխանության ներսում փոփոխություններ անելու ուղղությամբ։ Հիշեցնենք, օրեր առաջ մեզ հայտնի էր դարձել, որ Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգ է իջեցվել մի քանի օրում շատ արագ հեռախոսային հարցումների միջոցով պարզել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։

Մեր աղբյուրը նշել էր՝ «գրեթե զրոյական է»։ Միայն որոշ դեպքերում են նրան կողմ կարծիքներ հայտնել հարցվող քաղաքացիները, այն էլ՝ հետևյալ ձևակերպմամբ՝ «դժգոհ ենք, բայց եթե պիտի նախկինները գան, ապա թող ինքը մնա»։

Բնականաբար, իշխանությունները հասկանում են՝ երկրում անիշխանություն է, օր օրի ավելի մեծ թափ են առնում ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաները, պատերազմի «կեղտերը»՝ իշխանությունների լրջագույն և հանցավոր սխալները ջրի երես են դուրս գալիս, հասարակությունը, իրավացիորեն, ուզում է իմանալ ողջ ճշմարտությունը։

Այս ընթացքում՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչում մեղադրում է զինվորներին, ժողովրդին, նախկին իշխանություններին, իշխանության առանձին ներկայացուցիչների։ Եվ չնայած այս ամենին, իրավիճակը ոչ թե հանդարտվում, այլ ավելի է սրվում։ Ներիշխանական տարբեր շրջանակներ այս պղտոր ջրում փորձում են իրենց ձկները որսալ՝ մեկը մյուսին, ինչպես ասում են, փուռը տալով և «բոչկաներ» գլորելով իրար վրա։

Օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանը երազում է Պաշտպանության նախարար դառնալ։ Անդրանիկ Քոչարյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի միջև այլևս հրապարակային դարձած բացահայտ և կոշտ փոխադարձ մեղադրանքներն իշխանամերձ որոշ շրջանակներ հատկապես բացատրում են այն հանգամանքով, որ Ա․ Քոչարյանի նպատակն է՝ ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ երկրում իշխանափոխություն չլինի (քանզի այդ պարագայում ինքը բազմաթիվ դրվագներով քրեական պատասխանատվություն կկրի), և երկրորդ՝ ինքը զբաղեցնի Պաշտպանության նախարարի պաշտոնը։

Անհանգիստ են «Իմ քայլ»-ական պատգամավորները, նախարար-փոխնախարարները, շատ-շատերը։ Նրանցից շատերը փողոցից՝ հողաթափերով, ապառիկով կենցաղային տեխնիկաներ գնելով, միջազգային որոշ կազմակերպություններից գրանտներ պոկելով էին մի կերպ վարում իրենց կենցաղը, սակայն հեղափոխության արդյունքում հայտնվել են խորհրդարանում, ունեն գործավարներ, քարտուղարուհիներ, ծառյողական մեքենաներ, ոմանք հասցրել են 2,5 տարվա ընթացքում բնակարաններ, ամառանոցներ, ավտոմեքենաներ, բիզնեսներ, բաժնետոմսեր, հողատարածքներ ձեռք բերել, և այլն, և այլն։ Իշխանություն կորցնելու վախը մեծ է։ Նրանք նաև շատ լավ հասկանում են, որ երկրում ստեղծված խայտառակ իրավիճակի՝ Արցախը հանձնելու, հսկայական տարածքներ կորցնելու, հազարավոր զոհերի, երկրի սոցիալ-տնտեսական-առողջապահական ծանրագույն վիճակի թիվ մեկ պատասխանատուներն իրենք են։

Բոլոր ոլորտներում կատարյալ բարձիթողի վիճակ է, երկիրը կանգնած է ծանրագույն մարտահրավերների առջև։ «Իմ  քայլ»-ական նախարարներից, բարձրաստիճան պաշտոնյաներից, պատգամավորներից շատերն անվտանգության աշխատակիցների խմբերով են հիմա շրջում քաղաքում։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուղերձում կրկնեց թվով 17 ընդդիմադիր ուժերի տեսակետը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարական, ազգային համաձայնության կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Փաշինյանն ի պատասխան՝ ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց իր «ճանապարհային քարտեզը»․ դրանում ոչ միայն խոսք չկար իր հրաժարականի, ազգային համաձայնության կառավարության և արտահերթ ըտրությունների մասին, այլև ներկայացրել է իր գործունեության 6-ամսյա ծրագիրը։ Նա չի ցանկանում հրաժարական տալ։

Այսօր ընդդիմությունը Երևանի մեկ տասնյակից ավելի փողոցներ էր փակել՝ պարալիզացնելով ամբողջ երթևեկությունը։

ՀՅԴ երիտասարդական թևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Սա նախազգուշացում էր իշխանություններին։ Մենք չենք հանդուրժի, որ հայ ժողովրդի արդար զայրույթը մնա անտեսված։ Մենք կոտրելու ենք անտարբերության պատը, մենք կոտրելու ենք հայ ժողովրդին ստրկացնել փորձող բռնակալության շղթաները»։

Իհարկե, իշխանությունները գործի դրեցին ոստիկանական ուժերը՝ ակցիայի մասնակիցներին նույնիսկ բռնի ուժի կիրառմամբ տեղափոխելով ոստիկանական բաժանմունքներ։ Սակայն դրանով իշխանությունների անհանգստությունները չեն փարատվում․ ամենուր ոստիկանական ուժեղացված հսկողություն է, անգամ կառավարական ամառանոցի ողջ տարածքում և շրջակայքում ավտոբուսներով ոսիկաններ են հսկում օր ու գիշեր։

Այսօր, ըստ լուրերի՝ կառավարությունում «Իմ քայլ»-ի պատգամավորները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Մերձիշխանական շրջանակները, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր վաղուց նկատել էին, որ Փաշինյանները վաղուց սկսել էին զբաղվել Աննա Հակոբյանի PR-ով, և պատահական չէր նաև պատերազմի ընթացքում կանանց «Էրատո» ջոկատի ձևավորումը, կամուֆլյաժով լուսանկարների շարքը, և այլն։

Նրանք գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը կտրուկ անկում է ապրել և փորձում են բարձրացնել Աննա Հակոբյանի վարկանիշը՝ փորձելով տարանջատել նրանց։ Նպատակը՝ անհրաժեշտ պահի վարչապետի պաշտոնում ներկայացնել Աննա Հակոբյանին։ Սակայն ակնհայտ է, որ այս ընթացքում խիստ անկում է ապրել նաև Աննա Հակոբյանի վարկանիշը։

Մեր աղբյուրների հավաստմամբ, սակայն, այսօր նա «Իմ քայլ»-ականներին, իր կուսակիցներին խոստացել է կառավարության փոփոխություններ, բացառությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի։

Կարծիքներ կան, որ կադրային հարցերում խիստ որոշիչ է նաև Տիգրան Ավինյանի կարծիքը։ Նա խոստացել է ամեն ինչ անել՝ միայն թե իմպիչմենտի հարց չդրվի խորհրդարանում, իրեն մինչև հունիս ժամանակ տալ։

Ըստ որոշ լուրերի՝ արդեն իսկ կառավարության կազմի փոփոխությունների փաթեթ է կազմվել՝ հաշվի առնելով առաջարկված անունները։ Նույնիսկ չեն բացառում, որ իրավիճակի սրման պահին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի և նրան փոխարինի Սուրեն Պապիկյանը, ով այս ընթացքում, նկատելիորեն, ինքն իրեն տեսադաշտից դուրս է պահել։ Հիշեցնենք, թերևս, կարևոր մի դրվագ Սուրեն Պապիկյանի կենսագրությունից․ 2012-2016թթ. նա սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում։