• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Ինչ են քննարկում Մոսկվան ու Անկարան|1in.am

Автор:admin

Окт 25, 2020

Թուրքիան ունի արցախյան կարգավորման գործընթաց ներգրավվելու նույնքան իրավունք, որքան Ռուսաստանը, հայտարարել է Անկարայի «սուլթան» Էրդողանը: Էրդողանի հայտարարությունը հերթական անգամ վկայում է Թուրքիայի միջնորդական հավակնությունը և պատերազմի գլխավոր շարժառիթներից մեկը: Անկարան պահանջում է, որ ստանա միջնորդական կարգավիճակ և, թերևս, դա է դիտարկում չպատերազմելու գին: Հետևաբար, ստացվում է հրադադարի հասնելու պարզ մեխանիզմ. որպեսզի լինի հրադադար, պետք է կամ լինի Թուրքիայի համար լուրջ սպառնալիք, կամ բավարարվի նրա միջնորդական հավակնությունը: Առայժմ, արդեն մոտ մեկ ամիս, չկա այդ լուրջ սպառնալիքը:

Թուրքիան պատերազմում է Ադրբեջանի միջոցով և սպառնալիքներն ու ռիսկերը Ալիևի գլխին են: Նա չի կարող կանգնել և չի կարող առաջ գնալ: Այն, ինչ պետք է Անկարային՝ թույլ չտալ, որ անմիջականորեն մեծանա հենց իր վրա եղած պատասխանատվությունը, և թույլ չտալ, որ Ալիևն այսպես ասած «թռնի իր վրայից»: Թուրքիային, թերևս, կարող են զսպել տնտեսա-քաղաքական սպառնալիքները՝ պատժամիջոցների տեսքով: Սակայն թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրամիությունը դեռևս որևէ կերպ չեն դիտարկում դրա առարկայական հնարավորությունը: Կդիտարկեն, թե ոչ, սա հարց է, որի դրական պատասխանն, իհարկե, անհավանական չէ, սակայն մյուս կողմից, կարծես թե, ավելի հավանական չէ, քան բացասականը: Իսկ որքան է հավանականությունը, որ Անկարային կփորձեն տալ որևէ կարգավիճակ:

Ռուսաստանի նախագահ Պուտինն, օրինակ, նախօրեին հայտարարեց, թե «գուցե արժե փոխել ձևաչափը մի քիչ», ինքը չգիտի, չի կարող ասել, բայց գուցե արժե: Նրա խոսքերով՝ գուցե արժե ներգրավել Մինսկի խմբի մյուս անդամներին, այդ թվում՝ Թուրքիային, որպեսզի ավելի օգտակար լինեն լուծում գտնելու հարցում: Դրանից առաջ, Պուտինի խոսնակ Պեսկովն էր հայտնել, որ Թուրքիայի միջնորդության հարցը կարող են լուծել միայն կողմերը՝ իրենց համաձայնությամբ: Ադրբեջանը, իհարկե, ոչ միայն դեմ չի լինի, այլ կողմ մի քանի ձեռքով ու ոտքով: Բայց Հայաստանի դեպքում պատասխանը, մեղմ ասած, բարդ է: Հայաստանը չունի որևէ պատճառ, որ կողմ արտահայտվի Թուրքիային որևէ կարգավիճակ տալուն: Միաժամանակ, ունի դրան ընդդիմանալու բազմաթիվ պատճառներ, արդեն նաև ուղիղ պատերազմն Արցախի դեմ: Ստացվում է, որ Ռուսաստանը դեմ չէ, բայց պատասխանատվությունը թողնում է Հայաստանի վրա, ինչն իր հերթին հարց է առաջացնում՝ արդյո՞ք Մոսկվան սեպարատ քննարկում է հարցը Անկարայի հետ: Համենայնդեպս, ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունները առնվազն տալիս են այդ հարցադրման տեղիք: