• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Ինչպես մեղմացնել պառակտումը | Առավոտ

Автор:admin

Ноя 27, 2020

Ճիշտ են ասում, որ երկիրը պետք է իր մեջքն ուղղի, որ հնարավոր չէ մշտապես լինել դեպրեսիայի մեջ, որ պետք է շարունակել ապրել: Բայց դրա համար անհրաժեշտ է ընդունել իրողությունները: Իսկ իրողությունը կարելի է ձեւակերպել շատ կարճ. մենք պարտվել ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ պատերազմում: Երբեմն լսում եմ՝ նման ուժեղ հակառակորդին պարտվելն ամոթ չէ: Եթե խոսքը լիներ, ասենք, ֆուտբոլի մասին, ապա այդ արդարացումը միանգամայն ընդունելի կլիներ: Բայց պատերազմը սպորտային խաղ չէ՝ խոսքը հազարավոր երիտասարդ կյանքերի, տասնյակ հազարավոր մարդկանց տառապանքների եւ տարածքների կորստի մասին է: Այստեղ դու կա՛մ պետք է քո թշնամուց ուժեղ լինես (բնականաբար, ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական, դիվանագիտական առումով), կամ էլ, ռազմավարական մտածողություն եւ քաղաքական ճկունություն ունենալով, խուսափես պատերազմից: Պոռոտախոսությամբ կամ ճղճղան հռետորաբանությամբ նման հակառակորդին հաղթելն անհնար է:

Ինչու է կարեւոր ընդունել մեր պարտությունն այս պատերազմում: Որովհետեւ, եթե մենք պարզապես ասենք՝ «դե եղել-պրծել է՝ կյանքը շարունակվում է», դա կնշանակի, որ մենք պատրաստ չենք հաջորդ պատերազմին, որը, վստահ եմ, սարերի հետեւում չէ: Դեռ առիթ կլինի խոսելու այն մասին, թե որ ոլորտներում եւ ինչու մենք պատրաստ չէինք այս պատերազմին եւ, հետեւաբար, պատրաստ չենք նաեւ հաջորդին: Եթե կարճ, ապա ոչ մի ասպարեզում պատրաստ չէինք, եւ դա, իհարկե, միայն վերջին 2,5 տարվա խնդիր չէ:

Բայց կա մի խնդիր, որը սրվել է հենց հեղափոխությունից հետո՝ հասարակության պառակտվածությունը: Պատերազմի ժամանակ, որքան էլ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ հորդորում էին վերջ տալ «սեւ-սպիտակ», «նախկին-ներկա» բանավեճին, այն բռնկվում էր ամեն վայրկյան եւ ուզած-չուզած տեղափոխվում էր խրամատ ու անգամ հրամանատարական կետեր: Չէի ասի, որ դա պարտության հիմնական պատճառն էր, բայց փաստ է, որ 2,5 տարի իշխանության կողմից եւ առաջին հերթին վարչապետի բուռն, պոպուլիստական ելույթներով հրահրվող հիստերիան եւ փսիխոզը ստեղծել էր այնպիսի մթնոլորտ, որում հնարավոր չէր զարգացնել պետությունը, բանակը, տնտեսությունը:

Հասարակության պառակտումը սրվել է հատկապես պատերազմից հետո: Բանն այն է, որ նրանք, ովքեր 2018 թվականին հրճվանքի արցունքներն աչքերին ձայն են տվել դիլետանտին եւ պետության կառավարմանը բացարձակապես անտեղյակ մարդուն (իսկ քաղաքացիները ձայն են տվել, անշուշտ, Փաշինյանին, ոչ թե «Իմ քայլին»), նրանք չեն կարող ընդունել, որ իրենց ընտրությամբ անուղղակիորեն նպաստել են այսօր ստեղծված ողբալի վիճակին: Դա նրանց մեծ մասի համար հոգեբանորեն անհնարին է, եւ նրանք շարունակում են պնդել իրենց կռապաշտական թեզերը, որպեսզի սխալը չխոստովանեն եւ իրենց բաժին պատասխանատվությունը չստանձնեն: Ինքնապաշտպանության բնազդը դրդում է նրանց նախ՝ պարտության մեջ մեղադրել բոլորին, բացի վարչապետից, երկրորդ՝ թշնամի համարել բոլոր նրանց, ովքեր այդ կռապաշտությունից դուրս են: Բնական է, հակառակ կողմից նույն վերաբերմունքի են արժանանում: Հենց որ Փաշինյանը փոխարինվի որեւէ այլ վարչապետով (կարեւոր չէ, թե ով է մի քանի ամիս՝ մինչեւ ընտրությունները լինելու այդ պաշտոնում), պառակտման խնդիրը կմեղմվի, կրքերը կհանդարտվեն: Ներկայիս վարչապետն է այսօր «պառակտման հարուցիչը»:

…Մենք կրել ենք ամոթալի, ջախջախիչ, նվաստացուցիչ պարտություն: Համաձայն եմ, որ «կապիտուլյացիա» բառը գուցե այնքան էլ կոռեկտ չի բնութագրում իրավիճակը՝ կապիտուլյացիայի դեպքում տվյալ պետության բանակն այլեւս գոյություն չունի: Մենք առայժմ դրան չենք հասել: Առայժմ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ