• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Ինչո՞ւ է աղմկում Ավշարի համայնքապետը

Автор:admin

Дек 5, 2020

Ինչո՞ւ է աղմկում Ավշարի համայնքապետը

Ներկայացնում ենք ստորև.

ՀՀ Արարատի մարզպետարանը Ավշար և Այգավան համայնքներում գտնվող մի շարք անշարժ գույքի կադաստրային գործերում առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզել է ենթադրյալ խախտումներ, որոնք ներկայացնում ենք ստորև․

  1. 2007թ. Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը առուվաճառքի պայմանագիր է կնքել աճուրդում հաղթող ճանաչված ոմն Պերճ Միրզոյանի հետ, համաձայն որի՝ Պ․ Միրզոյանին որպես սեփականություն է հանձնվել Ավշար համայնքում գտնվող նախկին ծննդատան շենքը։ Վերջինս էլ իր հերթին 2013թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ծննդատան շենքը վաճառել է Սուրիկ Գրիգորյանի որդուն՝ Արմեն Սուրիկի Գրիգորյանին։ Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին նույն գույքը վաճառել է Լուսինե Պողոսյանին:
  2. 2001թ. կայացած աճուրդում հաղթող ճանաչված Ս․ Գրիգորյանի և Արամայիս Գրիգորյանի միջև կնքված առուծախի պայմանագրով Ավշար համայնքում գտնվող վարչական շենքի և հարակից տարածքի սեփականանության իրավունքը փոխանցվել է Արամայիս Գրիգորյանին: Արամայիս Գրիգորյանի և Սուրիկ Գրիգորյանի որդու՝ Արմեն Գրիգորյանի միջև 2008թ. կնքված պայմանագրով Արամայիս Գրիգորյանը սույն տարածքները վաճառել է Արմեն Գրիգորյանին, ով 2008թ. այն վարձակալության պայմանագրով հանձնել է «Արարատ» ջրօգտագործողների ընկերությանը։
  3. 2005թ. Ավշար համայնքում գտնվող շինությունների (պահեստներ) վերաբերյալ կայացած աճուրդում դարձյալ հաղթող է ճանաչվել Պ․ Միրզոյանը, և 2005թ. Սուրիկ Գրիգորյանի և նրա միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր։ 2007թ.ին Պ․ Միրզոյանը այս տարածքները վաճառել է Սուրիկ Գրիգորյանի որդուն՝ Արմեն Սուրիկի Գրիգորյանին։ 2008թ. Արմեն Սուրիկի Գրիգորյանը վարձավճարով վերոնշյալ գույքը հանձնել է «Արարատ» ջրօգտագործողների ընկերությանը՝ ամսական 56.000 ՀՀ դրամով: Համաձայն «Արարատ» ջրօգտագործողների ընկերության 2020թ. գրության՝ շինությունների վարձակալության համար 2008թ.-ից մինչ օրս սեփականատերերին ընկերությունը վճարել է 20.723.400 ՀՀ դրամ: Նշված գույքերը համայնքի հաշվեկշռում մնալու դեպքում այդ գումարը կփոխանցվեր համայնքային բյուջե:
  4. 2007թ. Ավշար համայնքում գտնվող նախկին բուժ. ամբուլատորիայի վերաբերյալ կայացած աճուրդում նորից հաղթող է ճանաչվել Պ․ Միրզոյանը, որից հետո վերջիններիս միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր։ 2013թ. Պ․ Միրզոյանն այս շենքը նույնպես վաճառել է նույն անձին՝ Արմեն Գրիգորյանին։
  5. 2017թ. Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի և «Լեգալ Դիֆենս» ՍՊԸ-ի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն՝ ամսական 65.118 ՀՀ դրամով համայնքի մշակույթի տունը հանձնվել է «Լեգալ Դիֆենս» ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանն և օգտագործմանը: Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ համայնքային մշակութային կյանքը բարելավելու և զարգացնելու նպատակով պետական միջոցների հաշվին վարձակալությունից շուրջ մեկ տարի առաջ Ավշարի մշակույթի տանը իրականացվել է կապիտալ վերանորագում՝ ներդնելով 41.770.294 ՀՀ դրամ գումար: Մշակույթի տունը համայնքի մշակութային կյանքի բարելավմանը ծառայեցնելու փոխարեն համայնքի ղեկավարն այն հանձնել է վարձակալության՝ այլ նպատակներով օգտագործելու համար:
  6. 2004թ. Ս․ Գրիգորյանի և Պ․ Միրզոյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով՝ Պ․ Միրզոյանին որպես սեփականություն է հանձնվել Սուրիկ Գրիգորյանին պատկանող Ավշար համայնքում գտնվող շինությունները (անասնագոմեր): 2004թ. Ավշարի համայնքապետարանի և Պերճ Յուրիկի Միրզոյանի միջև կնքվել է հողի անհատույց օտարման պայմանագիր (ուղղակի անհատույց օտարում), որով Պերճ Յուրիկի Միրզոյանին որպես սեփականություն է հանձնվել 3.23 հա հողամաս: 2005թ. վաճառող Պ․ Միրզոյանի և գնորդ Անահիտ Հախոյանի (մեր ունեցած տեղեկություններով՝ Անահիտ Հախոյանը Սուրիկ Գրիգորյանի կինն է) միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր՝ վերևում նշված գույքերի վերաբերյալ: 2008թ. նվիրատվության պայմանագրով Անահիտ Հախոյանը նշված գույքերը նվիրել է նույն Արմեն Գրիգորյանին: 2008թ. Լիպարիտ Մնացականյանի և Արմեն Գրիգորյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով՝ 250.000 ՀՀ դրամով Ա․ Գրիգորյանին որպես սեփականություն է հանձնվել Ավշար համայնքի Նժդեհի 10/1 հասցեում գտնվող գույքը: Կնքված վարձակալության պայմանագրերով նշված գույքերը վարձակալության են տրամադրվել Գրիգորյաններին պատկանող «ԱՎՇԱՐ ՊՐՈԴ» ՍՊԸ-ին:
  7. Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ նախկինում համայնքապետարանի կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ Ավշար համայնքում Ավշարի գյուղապետարանի կողմից միաժամանակ հայտարարվել են շինություն (պահեստներ), հին դպրոցի շենքի, սպորտդահլիճի, կաթսայատան, նախկին ծննդատան շենքի և մանկապարտեզի անավարտ շինությունների աճուրդ-վաճառքներ: Վերևում հիշատակված հանգամանքներից պարզ է աճուրդի դրված գույքերից յուրաքանչյուրի «ճակատագիրը», սակայն բաց է մնում մանկապարտեզի անավարտ շինությունների աճուրդ-վաճառքի արդյունքը և ելքը:
  8. 2002թ. Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը, աճուրդով նույն օրը ձեռք է բերել Ավշար համայնքում գտնվող թվով 151 տնամերձ հողամասեր։ Վերջինս 2019թ. կնքված նվիրատվության պայմանագրով այդ հողատարածքները նվիրել է իր մյուս եղբորը՝ Արայիկ Գրիգորյանին: 2000-ական թվականներից սկսած այդ տնամերձ հողատարածքները փաստացի օգտագործվում են որպես խաղողի այգիներ, սակայն մինչև օրս դրանց նպատակային նշանակությունը չի փոխվել:
  9. 2007թ. Սուրիկ Գրիգորյանի եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը, աճուրդով ձեռք է բերել Այգավան համայնքում գտնվող թվով 5 հողամասեր: 2009թ. Արամայիս Գրիգորյանը այդ գույքերը նվիրել է իր եղբորը՝ Արայիկ Գրիգորյանին և Ալիսա Գրիգորյանին: Վերջինս 2019թ. գույքերը նվիրել է Արայիկ Գրիգորյանին:

Նկատի ունենալով այն, որ հայտնաբերված հանգամանքներում և փաստերում կարող են առկա լինել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, քրեական օրենսգրքով հետապնդելի արարքներ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենին ենք ներկայացրել վերևում նշվածի վերաբերյալ տեղեկությունները՝ քննություն իրականացնելու, մեղավորներին ի հայտ բերելու և պատժելու, ինչպես նաև դրա արդյունքում պատճառված վնասը վերականգնելու նպատակով:

Հիշեցնենք նաև, որ Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետությանը՝ առանց պետության գիտության և պատշաճ իրավական ընթացակարգերի, պետական սեփականություն հանդիսացող «Հին դպրոցի շենք» անվանումը կրող շինության, այդ թվում նաև սպորտդահլիճի և կաթսայատան նկատմամբ գրանցվել է Ավշար համայնքի սեփականությունը և որպես պետական սեփականություն դուրս է մնացել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվառումից:

2007թ. Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ավետիսյանի (իր խնամին է) ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետությանը՝ առանց պետության գիտության և պատշաճ իրավական ընթացակարգերի, պետական սեփականություն հանդիսացող 0,6225 հեկտար հողամասի նկատմամբ գրանցվել է այլ անձի (Պերճ Միրզոյանի) սեփականության իրավունքը։
Այնուհետև, 2014թ.-ին Հասմիկ Սուրիկի Գրիգորյանի, ով, մեր ունեցած տեղեկություններով ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի գյուղապետ Ս. Գրիգորյանի դուստրն է, և Պերճ Յուրիկի Միրզոյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով Պերճ Յուրիկի Միրզոյանը Հասմիկ Սուրիկի Գրիգորյանին է վաճառել «հին դպրոցի շենքը» և այն սպասարկող հողամասը:
Նշվածի հիման վրա ՀՀ Արարատի մարզի դատախազությունը դիմել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սուրիկ Թեմուրի Գրիգորյանի, Հայկազ Բալաբեկի Նազարյանի և Էդիկ Ավետիսի Ավետիսյանի` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Դատարանի 27.03.2020թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Վերևում նկարագրված գործողություններից ենթադրվում է, որ գործ ունենք կազմակերպված խմբակային կոռուպցիոն մեխանիզմի հետ, որտեղ համայնքի ղեկավարը, իր հետ փոխկապակցված անձանց հետ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություններ, օգտագործելով մեր տեղեկություններով իր մտերիմը հանդիսացող Պերճ Միրզոյանին, ապօրինաբար վերջնարդյունքում իր զավակներին սեփականության իրավունքով փոխանցել է համայնքային գույքերը: