• Пт. Июн 25th, 2021

Թուրքիան պատերա՞զմ է հայտարարել Իրանին. 1in.am

Окт 7, 2020

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ թշնամին, չունենալով ռազմական հաջողության որևէ հեռանկար, դիմում է սադրիչ մարտավարության: Ադրբեջանական ահաբեկչական զինուժը տեղակայվում է Իրանի սահմանի երկայնքով և այնտեղից թիրախավորում հայկական ստորաբաժանումներին, որոնց պատասխան հարվածը կարող է այս կամ այն կերպ առնչվել Իրանի սահմանին:

Իրանն, ինչպես հայտնի է, մի քանի անգամ զգուշացրել է, որ չի հանդուրժի իր սահմանի հանդեպ որևէ միտումնավոր կամ պատահական ոտնձգություն: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ թուրք-ադրբեջանական գրոհայինները փաստացի կատարել են այդ ոտնձգությունը, չեն անցել սահմանը, բայց ստեղծել են ռեալ վտանգ՝ իրանական սահմանը, փաստացի Իրանին ներքաշելով ռազմական գործողությունների մեջ առնվազն աշխարհագրական իմաստով: Եվ դա տեղի է ունենում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Ալիևին կատարած զանգից հետո, որի ժամանակ նա խոսել էր կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին:

Միևնույն ժամանակ, Ռոհանիի զանգից հետո անգամ շարունակվող սադրանքը վկայում է այն մասին, որ Ալիև՝ որպես Ադրբեջանի դե յուրե անվան ներքո կատարվող գործողությունների համար պատասխանատու, գոյություն չունի: Այդ գործողությունների իրական պատասխանատուն Թուրքիան է: Եվ փաստացի ստացվում է, որ դիմելով իրանական սահմանին առնչվող սադրիչ մարտավարության՝ Թուրքիան գործնականում պատերազմ է հայտարարել Իրանին՝ Ադրբեջանի անունից: Հետևաբար ակնառու է, որ Ադրբեջանի վրա ազդելու փորձը կարող է չունենալ բավարար էֆեկտիվություն, որովհետև Անկարայի համար Ադրբեջանը հենց դրա համար էլ պետք է, վերածվել է հենց այդ՝ քաղաքական կամ ռազմաքաղաքական, ահաբեկիչ-մահապարտի, որի միջոցով Անկարան շանտաժի է դիմում ռեգիոնալ ամբողջ արեալով:

Ըստ այդմ՝ Թեհրանին այլ բան չի մնում, քան կա՛մ նախազգուշական կոշտ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով տեղակայված գրոհայիններին՝ հայկական ուժերի հետ մեկտեղ վերցնելով նրանց աքցանի մեջ, կա՛մ գործուն քայլեր ձեռնարկել Թուրքիայի վրա ազդելու իմաստով:

Միևնույն ժամանակ, իրանյան մի քանի հազարամյա պետականության և այդ համատեքստում ժամանակակից քաղաքական փորձը՝ հատկապես Թուրքիայի հետ շփումների առումով, պետք է թերևս հուշի, որ հարկավոր է անել թե՛ մեկը, թե՛ մյուսը, չկա Անկարայի ահաբեկչախուլիգանական քաղաքականությունը կանգնեցնելու այլ տարբերակ: