• Пт. Мар 5th, 2021

ARM.C

news

Թուրքիայի իշխանամերձ շրջանակներն ԱՄՆ-ի նորընտիր նախագահին թշնամի են համարում

Автор:admin

Ноя 8, 2020

Armenpress-ը հայտնում է, որ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը Twitter-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքը և մասնավորապես նախագահի թեկնածուներից Ջո Բայդենի հաղթանակը։ Քարագյուլը հիշեցրել է Բայդենի հետևյալ խոսքերը` «Մենք կաջակցենք ընդդիմությանը և կտապալենք Էրդողանին» և այդ համատեքստում Բայդենին որակել է որպես «Թուրքիայի թշնամի»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ թուրքական ընդդիմության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն իսկ շտապել է շնորհավորել Բայդենին։

Հիշեցնենք, որ Բայդենն Էրդողանի մասին այդ հայտարարությունն արել էր դեռևս 2019թ. դեկտեմբերին, ինչին թուրքական կողմը ամենատարբեր մակարդակով արձագանքեց ավելի քան 8 ամիս անց՝ 2020թ. օգոստոսին։ Բայդենի խոսքերի հանդեպ եղավ մոտ երկու տասնյակ խիստ արձագանք Թուրքիայից: Սրանով թուրքական կողմն ուղերձ էր հղում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ փորձելով ցույց տալ, որ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում իր համար նախընտրելի թեկնածուն Թրամփն է։Ի դեպ, Թուրքիայի նախկին արտգործնախարար ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն տարօրինակ էր համարել Էրդողանի այս ընտրությունը՝ հիշեցնելով, որ հենց Դոնալդ Թրամփն է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ, իսկ Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի տարածք, որոնք  Էրդողանի համար գոնե արտաքնապես բավական զգայուն թեմաներ են։