• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

«Թուրքերը մեր գյուղում են, ոչխարները մորթում, դնում են մանկասայլակի մեջ ու քշում»

Автор:admin

Ноя 27, 2020

«Սեպտեմբերի 27-ին հավաք էր, տարան, սեպտեմբերի  30-ին կնոջը գրել է՝ Մարիամ, ես քեզ սիրում եմ, բայց էլ քեզ չեմ տեսնելու։ Էդպես էլ եղավ։ Հինգ ամսվա ամուսնացած էր»,-Զարուհի Խաչատրյանն է պատմում։ Որդին՝ Հովհաննես Խաչատրյանը, Ջաբրայիլում է կռվել, մինչեւ հիմա մայրը լուր չունի, ավագ որդին էլ  վիրավորված վերադարձել է։

Ընտանիքը Կովսականում էր բնակվում, հիմա այն ադրբեջանցիներինն է։ Տիկին Զարուհին եկել էր Երեւանում տեղակայված Արցախի կառավարության օպերատիվ շտաբ։ Փորձում է հասկանալ՝ պետությունն ինչո՞վ կարող է օգնել։ Բայց առաջնայինը որդուն գտնելն է, ասել են՝ պիտի գնաս ԴՆԹ անալիզ տաս։ «Դարդս էն ա, որ տղայիս գտնեմ»։ Զարուհին ասում է՝ այնքան խնդիրներ ունեն, չգիտի՝ որից սկսի, որով վերջացնի։ Որդուն գտնելու համար ՊՆ է դիմել, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպել․ «Բոլոր հարցերով մերժել են։ Էրեխեն Ջաբրայիլում է կռվել, ինձ ասում են՝  քանի որ այնտեղ թշնամիներ կան, մենք չենք կարող լուծել խնդիրը։ Մինչեւ Ռուսաստանի  դեսպանատուն գնացել ենք։ Երկու ամիս է՝ տղայիցս լուր չկա, պատկերացնո՞ւմ եք։ Մեծս էլ  Երեւանում է, ընկերոջ տանն է, վարձով տուն է փնտրում, որ ընտանիքին բերի մոտը։ Ես էլ ամուսնուս, աղջկաս  ու տղայիս կնոջ հետ Կապանի գյուղերից մեկում վարձով ենք ապրում։ Էն էլ ո՛չ ջուր կա, ո՛չ մի պայման չկա»։

Կովսականի իրենց տանից շատ արագ են դուրս եկել, չեն հասցրել տաք հագուստ վերցնել, մտքներով էլ չի անցել, որ հետ չեն գնալու․ «Սաղ թողել ենք էնտեղ՝ ավտոն, տունը, անասունները, տան եղած-չեղածը, էնքան, որ արագ դուրս ենք եկել։ Մի տաս մետր գնացել  ենք, մեկ էլ  ասացին, որ թուրքերը մտել են մեր գյուղ»։ Զարուհին շտաբում տեղեկացավ, թե պետությունն ինչ աջակցություն է տրամադրելու, բայց վերադառնալ Արցախ, թե՝ ոչ,  ընտանիքը դեռ չի որոշել, ասում է՝ չորս կողմը թշնամին է, ինչպես կարող են հանգիստ ապրել այնտեղ։

Արցախի կառավարության օպերատիվ շտաբ էր եկել նաեւ տիկին Արեւիկը՝ քրոջ հետ։ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է, գուղի կեսը մերն է, մյուս կեսն ադրբեջանցիները գրավել են։ Որդին մնացել է Թաղավարդում, մայրն ասում է՝ մանկավարժ որդին իր հողն է պահում։ Գյուղի տունն էլ ավերվել է ռմբակոծությունից, Հայաստանում քրոջ տանն են ապրում։ Բայց իրենց տունն են ուզում, եկել են շտաբ, տեսնեն՝ պետությունն ինչ կանի իրենց համար։ Ասում է՝ հիմա շտապ  վերմակի ու ներքանակի կարիք ունեն, շտաբում  թեժ գծի հեռախոսահամարը փոխանցեցին, ասացին՝ զանգեք, կգրանցեն։

Երիտասարդ ամուսիններն էլ՝ Վարսենիկ Բուդաղյանն ու Խաչատուր Ավետիսյանը անորոշության մեջ են,  իրենց սիրելի գյուղը Հադրութի Մեծ Թաղերն էր։ Այստեղ հիմա հակառակորդն է հաստատվել, տեսանյութեր են հրապարակում, թե ինչպես են պղծում ամեն ինչ։