• Вс. Фев 28th, 2021

ARM.C

news

Երեւանն ու Բաքուն քաշեցին «կարմիր գծերը». Ինչ է սպասվում

Автор:admin

Окт 16, 2020

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել են այն հարցին, թե որն է «կարմիր գիծը» այս հակամարտությունում: Հայաստանի համար դա Արցախի կարգավիճակն է, Բաքվի համար՝ որեւէ կարգավիճակի բացառումը:

Հակամարտության կարգավորման հիմքում դրված են երեք հիմնարար սկզբունքները՝ ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք: Ադրբեջանը կիրառում է ուժ, հայտարարելով, որ ունի դրա իրավունքը եւ դա հարց լուծելու միջոց է: Ինչ վերաբերում է մյուս երկու սկզբունքներին, միջնորդները երեսնամյա «կարգավորման» ընթացքում փորձել են համադրել այս երկուսը, ինչն արձանագրվել է առաջարկվող փաստաթղթերում, այս կամ այն մեկնությամբ:

Խնդիրը հանգել է փուլային թե փաթեթային քննարկմանը, այսինքն՝ տարածքների վերադարձը կարգավիճակի դիմաց ինչ ձեւով է կատարվում՝ մեկանգամյա ակտով, թե փուլերով: Ներկայում, ռազմական գործողություններին զուգահեռ դիվանագիտական ոլորտում Ֆրանսիան առաջարկում է մեկանգամյա ակտը, իսկ Ռուսաստանն առաջարկում է այսպես կոչված լավրովյան պլանը՝ փուլային տարբերակը: Բաքուն անմիջապես հայտնել է իր համաձայնությունը, որոշակի պայմաններով, եւ դա հասկանալի է՝ Բաքուն հույս ունի փուլային տարբերակով, հընթացս ռազմական սադրանքների կիրառմամբ, հասնել իր նպատակին:Հայաստանի վարչապետը Լավրովի հայտարարություններից հետո իր ուղերձում հայտարարեց, որ Երեւանի համար ընդունելի չէ այդ տարբերակը, որը փորձ է արվում հայկական կողմին պարտադրել պատերազմով:

Բաքուն եւ Անկարան հայտարարում են, որ ստատուս-քվոն այլեւս չկա, Մինսկի խմբի համանախագահությունն արդյունավետ չէ, եւ անհրաժեշտ է նոր ձեւաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ: Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ընդունված հրադադարի փաստաթղթով Թուրքիայի այս պահանջը մերժվել է: Բաքուն Անկարայի դրդմամբ շարունակում է պատերազմը նաեւ Թուրքիայի մասնակցությունը պարտադրելու համար:

Իր հերթին, Իրանն առաջարկում է «լրացնել» Մինսկի խմբի ձեւաչափը Ռուսաստան-Իրան-Թուրքիա տարբերակով, տարածաշրջանի օրինակով, նկատի ունենալով Սիրիան: Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Ռուսաստանին առաջարկել են «Աստանայի ձեւաչափ», սակայն Մոսկվան մերժել է:

Ինչ է ուզում Մոսկվան: Չնայած Լավրովի առաջարկներին, նկատելի է որոշակի անորոշություն: Մի կողմից, Ռուսաստանը չի ցանկանում «ներս թողնել» Թուրքիային, քանի որ հասկանում են, որ հետագայում հարկ է լինելու «Աստանայի ձեւաչափ» կիրառել արդեն Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում եւ խորքում: Մյուս կողմից, Մոսկվան չի ցանկանում «կորցնել» Թուրքիան՝ Արեւմուտքի հետ դիմակայության եւ մասնավորապես ՆԱՏՕ-ն Թուրքիայի միջոցով քայքայելու իր վաղեմի ձգտման շրջանակում: Դա էլ նրան հետ է պահում Արեւմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու եզակի հնարավորությունից, քանի որ Ղարաբաղը միակ կետն է, որտեղ Ռուսաստանը «հավասար» քննարկումների դիրքերում է ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ:

Իսկ ընդհանրապես, Մինսկի խմբի համանախագահությունն այս տասնամյակներին կարող էր լուծել այս խնդիրը Կոսովոյի տարբերակով, որի մասին երբեմն բարձրաձայնում էր ամերիկյան կողմը: Ինչո՞ւ դա տեղի չի ունեցել: