• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

ԵՍ ՉԵՄ ԳՏՆՈՒՄ, ՈՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԽԱԼ ԲԱՆ Է ԱՐԵԼ

Автор:admin

Ноя 12, 2020

Նիկոլ Փաշինյանի ստորագրած տխրահռչակ հայտարարությունից հետո երբեմնի խիզախ իշխանականներն ընդհատակ են անցել կամ էլ զբաղված են իրենց առաջնորդին՝ վարչապետին, Ֆեյսբուքում աջակցություն հայտնելով։ Երեկ մեզ հաջողվեց կապ հաստատել «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով կորոնավիրուսով է վարակվել, ասաց, որ վատառողջ է, չի ուզում խոսել, բայց մի քանի հարցի, այնուամենայնիվ, պատասխանեց։

 Պարոն Աղազարյան, ինչպե՞ս եք գնահատում այսօրվա իրավիճակը, Նիկոլ Փաշինյանը ճի՞շտ արեց, որ նման որոշում կայացրեց։ Մարդիկ պարզաբանում են պահանջում՝ ինչո՞ւ հանձնեցիք Շուշին, Հադրութը․․․

– Ես հիմա հիվանդ եմ, չեմ կարող հոդաբաշխ բաներ ասեմ, առողջ ժամանակ է դժվար ձեր հարցերին պատասխանել, պատկերացրեք՝ հիմա ինչքան դժվար է։

– Իսկ Դուք  չե՞ք ուզում պատկերացրել այն մարդկանց վիճակը, որոնք զրկվել են իրենց տներից, որոնք տեղ չունեն գնալու, կորցրել են իրենց ամուսիններին, եղբայրներին, հարազատներին։ Հիմա այդ մարդիկ փողոց են դուրս եկել, իշխանությունից պարզաբանում են պահանջում։

– Չե՞ն լսում մարդիկ, վարչապետի «լայվերը» չե՞ն լսում։

– Այսինքն, մարդիկ պիտի հավատա՞ն, երբ վարչապետն ասում է, որ Գագիկ Ծառուկյանի կամավորները չեն մեկնել Շուշի, դրա համար ենք Շուշին հանձնում։ Սա լո՞ւրջ է։

– Ես չեմ կարող վարչապետի խոսքերը մեկնաբանեմ, ես ասում եմ, որ վարչապետը տալիս է պարզաբանումներ։

– Հազարավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել, պահանջում են Փաշինյանի հրաժարականը, որ, ինչպես իրենք են ասում, «ծախել» է Արցախը, ԲՀԿ-ն էլ վարչապետին անվստահություն հանձնելու օրակարգով արտահերթ նիստ է նախաձեռնել։ Կմասնակցե՞ք, կմիանա՞ք այդ նախաձեռնությանը, թե՞ դուք էլ եք համաձայն ստորագրվածին։

– Աղջիկ ջան, դուք չգիտեք, թե ոնց են արտահերթ նիստ հրավիրում, է՞դ էլ բացատրեմ, թող հրավիրեն, կորոշենք՝ մասնակցել, թե ոչ, եթե, իհարկե, առողջականս թույլ տա։

– Ես գիտեմ, հարցս էլ դա է՝ դուք կմասնակցե՞ք գործընթացին, թե՞ ոչ։

– Թող նիստ լինի, կխոսենք։

– Դուք համաձա՞յն եք ստորագրված հայտարարությանը, թե՞ Ձեզ համար անսպասելի էր։

– Ի՞նչ է նշանակում՝ անսպասելի։

– Հա, օրինակ՝ սպասելի՞ էր, որ հայկական հողեր էլ ենք տալու Ադրբեջանին։

-․․․Ես չեմ կարող խոսել այդ թեմայով։

– Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ խորհրդակցե՞լ է, որ նման բան է պատրաստվում ստորագրել։ Դուք համաձայնություն տվե՞լ եք։

– Ես գլխավոր շտաբի պետը չեմ, որ վարչապետն իր քայլերն իմ հետ համաձայնեցնի։

– Դուք իր թիմն եք, խորհրդարանական պետության պատգամավոր, դուք եք իրեն վարչապետ ընտրել։

– Հիմա էլ եթե սխալ բան անի, կհանենք։

– Դուք կարծում եք, որ սխալ բան չի՞ արել Նիկոլ Փաշինյանը։

– Ես չեմ գտնում, որ Նիկոլ Փաշինյանը սխալ բան է արել։

– Այսինքն՝ Արցախի 70 տոկոսը հանձնելը, Գորիսից հատված տալը սխալ չէ՞։

– Աղջիկ ջան, ես վատառողջ եմ, ի՞նչ եք ուզում ինձանից։

– Դուք կարծում եք, որ փողոց դուրս եկածները Ձեզնից լա՞վ առողջական ու հոգեկան վիճակում են, մարդիկ պահանջ ունեն ձեզնից, խոսեք, բացատրեք՝ ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ։

– Երբ իմ խոսելու ժամանակը գա, ես կխոսեմ, բա ի՞նչ պիտի անեմ, հո չե՞մ փախչելու իրականությունից։

– Մարդիկ ձեր հրաժարականն են պահանջում, ասեք, որ հրաժարական չեք տալու ու ճիշտ եք արել։

– Ասողն ասում է, ով պետք է, ասում է։

– Մեր երկրում մի հոգի՞ է ասողը։

– Շտաբի պետն էլ է ասել։

– Իսկ Դուք ի՞նչ եք ասում որպես պատգամավոր։

– Ես հլը մտածում եմ։

www.hraparak.am