• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

Ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, որ տեղի ուենցածի համար կրում է պատասխանատվություն. Նիկոլ Փաշինյան

Автор:admin

Ноя 16, 2020

Արցախի վերջին իրադարձությունների հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվությունը համարում է իրենը, սակայն դա լիարժեք կրելու համար կարևորում է հանրության համար բոլոր հանգամանքների պարզաբանումը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ:

«Որևէ կասկած չկա, ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, որ տեղի ունեցածի համար կրում է պատասխանատվություն: Հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով, միգուցե սուր է ձևակերպումը, բայց կկանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ, սակայն տվյալ դեպքում ժողովուրդը պետք է կարողանա եզրահանգումների գալ, պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին: Հենց նույն զինվորներին, ընդդիմությանը, կառավարությանը լսելն այդ պրոցեսի անբաժանելի մասն է: Կարևոր եմ համարում այն, որ հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

ՀՀ վարչապետը նշեց, որ տեղի է ունեցել հետևյալը: 2018 թվականի մայիսի դրությամբ, բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ, ըստ էության, հարցը մտել էր տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ: Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց լրատվական դաշտին, երբ շատ հանրապետականներ ի ցույց էին դնում իրենց կանխատեսումները, որտեղ արձանագրում էին այն, թե Արցախի շուրջ բարդություններ են լինելու, հողեր են հանձնվելու: 

«Նման պարագայում կա երեք տարբերակ. կամ այդ մարդիկ մարգարե են, կամ ես, կառավարությունը դավադիր ենք, կամ էլ նրանք այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը և ուր է հասել: Հիմա իմ վարած քաղաքականությունն այդ համատեքստում եղել է հետևյալը, փորձել չհամաձայնվել այդ ամեն ինչի հետ, փորձել փոխել տրամաբանությունը: Եվ, ըստ էության, կարող ենք ասել, որ, ցավոք, դա մեզ չի հաջողվել, որովհետև կանգնած էինք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները հանձնվեն Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի: Եվ մենք, այո, չենք կարողացել փոխել այդ տրամաբանությունը և, գուցե, փոխելու հնարավորությունները ճիշտ չենք գնահատել: Մյուս կողմից եթե ճիշտ չէինք գնահատել, ի՞նչ պետք է անեինք, համակերպվեի՞նք այդ իրականության հետ: Ես չէի կարող դրա հետ համակերպվել և փորձել եմ Հայաստանի դիմադրողականությունն այդ հարցի վերաբերյալ բարձրացնել: Փորձել եմ ամեն ինչ անել, որ ԶՈՒ-ի զինվածության մակարդակը էականորեն բարձրանա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

ՀՀ վարչապետն անդրադարձավ իրեն ուղղված մեղադրանքներին, նշելով, որ դրանք միմյանց հակադարձում են: Մի կողմից կա մեղադրանք տարածքներ հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու համար, մյուս կողմից կա մեղադրանք այն մասին, որ ավելի վաղ դա չէր արվել: 

«Համ մեղադրում են հանձնելու, համ մեղադրում են չհանձնելու համար: Մեր բանակը, մեր զինված ուժերը կռվել են դիմադրել են այնքան ժամանակ, մինչև այն ունեցել է կոնկրետ ռազմավարական, մարտավարական իմաստ և նպատակ: Մեզ մյուս կողմից էլի մեղադրում են հակադարձ բաներում: Մեզ մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, մեղադրում են, որ մենք զոհերից խուսափելու համար 20-35 հազար մարդկանց շրջափակումը թույլ չտալու համար գնացել ենք այդպիսի քայլերի: Այս ամենի պատասխանատվությունն իմն է, բայց դա լիարժեք կրելու համար հարկ եմ համարում, որ հանրության համար բոլոր հանգամանքները պարզաբանվեն»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը