• Чт. Июн 24th, 2021

Եռակողմ համաձայնագիրը չի գործում․ Վարչապետի խղճուկ արձագանքը

Дек 12, 2020

Երեկ եւ այսօր թուրքական ուժերը հարձակում են ձեռնարկել Հադրութի շրջանի երեք բնակավայրերի վրա, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են։ Այսօր ներգրավվել է ծանր տեխնիկա, 250 թուրք հատուկջոկատայիններ ներգրավված են Խծաբերդի դեմ գրոհին: Ըստ տեղեկությունների, այդտեղ են ժամանել նաեւ ռուս խաղաղապահները, ովքեր դեռ մեկ շաբաթ առաջ պետք է այդտեղ լինեին։

Ըստ եռակողմ համաձայնագրի, զինադադարը հաստատվում է նոր շփման գծով՝ այնտեղ, որտեղ կանգնած են զորքերը։ Թուրքերի գրոհը եռակողմ համաձայնագրի կոպիտ խախտում է։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ հրադադարը խախտվել է առաջին անգամ եւ կոչ է արել դադարեցնել կրակը։ Բնականաբար, ՌԴ ՊՆ-ն չի ասել, թե ով է խախտել հրադադարը, այնպես, ինչպես մինչեւ հիմա չեն հայտարարել, թե ով է խոցել ռուսական ուղղաթիռը Հայաստանի օդում, ինչպես չեն ասել, թե ով է պղծում Ղարաբաղի կրոնա-մշակութային ժառանգությունը։

Հայաստանի վարչապետի խոսնակ Մանեւ Գեւորգյանն այս կապակցությամբ գրել է․ «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»։ Տարօրինակ է, եւ հայկական համացանցում անմիջապես բազմաթիվ գրառումներ հայտնվեցին՝ այդ դեպքում ինչի՞ համար է պետք ՀՀ իշխանությունը, է՞լ ինչ է պայմանավորվել Նիկոլ Փաշինյանը, որի մասին չգիտենք։

Հետք լրատվականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը պետք ասի, թե ստորագրած փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի եւ Ալիևի հետ: Եթե Ղարաբաղում այս պահին երկու կողմերը խախտում են փաստաթղթով ձեռք բերած պայմանավորվածությունները, նշանակում է հավելյալ ինչ որ բաներ էլ կան, որոնց մասին տեղյակ չենք: Այսօր վիրավորներ ունենք, Դիզափայտը եւ Հին Թաղերը հանձնել ենք, որովհետեւ մեզ արգելված է մարտի մեջ մտնելը»։

Այն, որ եռակողմ փաստաթուղթն իրականության մեջ ռուս-թուրքական պայմանավորվածություն է ընդդեմ հայկական կողմի՝ կասկած չկա։ Կասկած չկա նաեւ, որ թուրքական կողմն իր ցանկացած գործողություն համաձայնեցնում է ռուսական կողմի հետ։ Հայկական կողմի ձեռքերը կապված են, եւ Էդիկ Բաղդասարյանի խոսքով՝ մեզ արգելված է մարտի մեջ մտնելը։

Միեւնույն ժամանակ, դա կոչվում է եռակողմ փաստաթուղթ, որտեղ նշված են ինչ որ պայմաններ, որոնցից առաջին կետը կրակի դադարեցումն է։ Հայաստանի ղեկավարի արձագանքը պետք է լիներ համարժեք՝ պատասխանատվության տակ դնելով ու պահանջներ ներկայացնելով մյուս կողմերին, քանի որ փաստաթուղթը փաստացի չի գործում։ Կամ էլ թող ասի, որ ուրիշ պայմանավորվածություններ էլ կան, թեկուզ վտանգի տակ դնելով իրեն, եւ ժողովուրդն այդժամ կորոշի իր ձեռքը վերցնել իր ճակատագիրը եւ կիմանա իր անելիքը, այդ թվում ճակատում։

Հադրութի այդ վերջին բնագծերի հանձնումը նշանակում է վերջնականապես հանձնել Հադրութը։

Ամեն մի հանձնված դիրքն ու բնակավայրը մեծացնում է ձնագնդի մեծությունն ու արագությունը, անորոշությունն ու անգործությունը՝ բարոյալքումը։ Փաստաթուղթը դեռ վերջնական պարտություն չէր, պարտությունն ամբողջանում է նման իրավիճակում։

lragir.am