• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Եթե ՌԴ-ն ռազմական առումով չարձագանքի թուրքական այս սադրանքին, նա կկորցնի իր միջազգային հեղինակությունը

Автор:admin

Ноя 8, 2020

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

– Կարող ենք ասել, որ հակահայկական մթնոլորտը, որ հաստատել է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլերը» Ֆրանսիայում, այնքան վտանգավոր է, որ պետությունը ոստիկանական խմբեր տրամադրեց հայկական հաստատությունների, դպրոցների, եկեղեցիների առջև  հսկելու համար:  Դուք լսեցիք Էրդողանի արձագանքը, որ ամբաստանեց Ֆրանսիային՝ ասելով, որ «Գորշ գայլերի» արգելումը Ֆրանսիայում անպատասխան չի մնա: Սա նշանակում է, որ Էրդողանն իր վրա վերցրեց Ֆրանսիայի կառավարության այս քայլը, նաև նշանակում է, որ Թուրքիայի համար «Գորշ գայլերի» արգելումը շատ տկարացնում է իրենց կազմակերպական կյանքը Ֆրանսիայում: Եթե Էրդողանն այս ձևով է անդրադառնում և խայտառակ ձևով դատապարտում է Ֆրանսիայի որոշումը, նշանակում է, որ մենք իրավունք ունեցանք աշխատելու, որ այդ կազմակերպությունն արգելվի:

– Մթնոլորտը որքանո՞վ է վտանգավոր հայերի համար այդտեղ: Մենք տեսանք, թե ինչպիսի հարձակումներ եղան տարբեր քաղաքներում, թուրքերի ակցիաների ժամանակ հայերի նկատմամբ ինչ ոտնձգություններ եղան:

– Այստեղ թուրքական միջավայրերը զայրացած են Ֆրանսիայի այս որոշման հետ կապված: Շատ լավ գիտեն, որ մենք կազմակերպեցինք, մենք աշխատեցինք, որպեսզի «Գորշ գայլերը» արգելվի Ֆրանսիայում, և իրենք որոշել են մեզ պատասխան տալ: Թե դա ինչ դրսևորում կունենա, արդյոք տեղի կունենա՞ որևէ բան, արդյոք Ֆրանսիայի կառավարությունը կկարողանա՞ հնարավոր վտանգների առաջն առնել՝ հիմա դժվար է ասել: Այսօր մթնոլորտը բարդ է ու անորոշ:

– Ֆրանսիան ի սկզբանե հայտարարեց, որ այս ահաբեկչության դեմ հայերին մենակ չի թողնի, բայց մեծ հաշվով գործնական քայլեր չկան: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Մենք ամեն օր կապի մեջ ենք Ֆրանսիայի իշխանությունների հետ, իրենք իսկապես լուրջ են մոտենում խնդրին, չեն թողնում, որ թուրքական լծակները շարունակեն իրենց արգելված և ընդհատակյա աշխատանքը Ֆրանսիայում: Ֆրանսիան մեծ պետություն է, ոստիկանական համակարգը շատ ուժեղ է, արդարադատության համակարգն էլ պատրաստ է, որ եթե հիմնավոր հանգամանքներ լինեն, սկսեն գործել: Մեկ այլ կազմակերպություն էլ կա, որ պետք է արգելվի երկու շաբաթից: Դա թուրքական կազմակերպություն չէ, իսլամական է, բայց թուրքերը, մասնավորապես Էրդողանը, այդտեղ  բավական մեծ ներդրում ունեն: Ֆրանսիայի կառավարությունը որոշել է վճռականորեն պայքարել ծայրահեղականության դեմ: Ես վստահում եմ Ֆրանսիայի ոստիկանությանն ու արդարադատության համակարգին, բայց մենք պետք է միշտ արթուն ու զգոն լինենք՝ քաղաքականապես պատասխանելու Էրդողանի և Թուրքիայի ոտնձգություններին: Հասկանալի է, որ հիմա Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ ուզում է ոչնչացնել Արցախի հայությանը, բայց մենք բոլոր ճակատներում պետք է հակադարձենք, և վստահ եմ, որ հաջողելու ենք:

– Երեկվանից Ռուսաստանն ավելի շատ է խոսում Արցախի դեմ ահաբեկիչների գործողություններից: Ձեր կարծիքով՝ Մոսկվան գործնական քայլեր կձեռնարկի՞ նրանց դեմ:

– Երբ որ Թուրքիան որոշեց, որ 2 հազարից ավելի ջիհադիստների է ուղարկում Ադրբեջան՝ Արցախի դեմ պատերազմելու համար, և հատկապես երբ Թուրքիան աշխատանքից ազատեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և հայտարարեց, որ բոլոր ռուսամետ նախարարները պետք է հեռացվեն, անկարելի է, որ Պուտինը դրան չպատասխանի: Անհնար է, որ այսօր Ռուսաստանը չմիջամտի: Եթե այսօր, այս թուրքական սադրանքի առջև Ռուսաստանը չմիջամտի զինվորական հողի վրա, Մոսկվան կկորցնի իր միջազգային կշիռը, հեղինակությունը: Սա նշանակում է, որ Ռուսաստանի բարեկամ պետությունները ևս կկորցնեն վստահությունը Ռուսաստանի նկատմամբ: Սա շատ կարևոր է:

www.1in.am