• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

Դժվարն անցել ա, էլ կյանքիս վտանգ չի սպառնում, հաստատ գալու եմ. անմահացած Վահե Ադյանի վերջին խոսքերը՝ եղբորը

Автор:admin

Ноя 19, 2020

Վահե Ադյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք ընկան ռազմի դաշտում՝ հանուն հայրենիքի պաշտպանության: Հերոսը դերասան էր, որը սիրում էր բեմը և պարբերաբար հանդիսատեսի դատին էր ներկայացնում իրեն՝ կերտելով տարբեր հետաքրքիր կերպարներ:

Վահեն շատ մարդամոտ էր, շփվող, բոլորին սիրում էր, չկար այնպիսի մեկը, որ Վահեի օգնության կարիքն ունենար ու Վահեն չօգներ նրան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց Վահեի եղբայրը՝ Գեորգի Ադյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ Վահեն բավականին նեղացկոտ էր, բայց նրա նեղանալը տևում էր, ընդամենը, վայրկյաններ. « Ինձանից շատ էր նեղանում, միշտ կռվում էինք, բայց 5 րոպե հետո նայում էր ինձ, ժպտում, ու արդեն հասկանում էի, որ բարիշել ենք: Վահեն շատ աշխույժ էր, ամեն ինչ արագ-արագ էր անում, կողքից երևում էր, որ ինքը շտապում է, տուն մտնելն ու տանից դուրս գալը կայծակնային արագության էր»,- նշում է հերոսի եղբայրը:

Վահեն շատ էր սիրում բեմական կյանքը, սիրում էր նաև հաճոյախոսություններ լսել իր հասցեին, որն էլ ոգևորում էր նրան ավելի կատարելագործվել. «Եղբայրս սիրում էր վայելել կյանքը: Վահեն ապրում էր բեմով, միշտ ասում էր, որ ցանկանում է լուրջ կերպարներ խաղալ, չէր սիրում հումորային դերերը»,- ընդգծում է Գեորգին:

Վահեն լավագույնն էր ոչ միայն բեմում, այլև դպրոցում, ըստ մեր զրուցակցի, նա դպրոցում շատ լավ էր սովորում, շատ տաղանդավոր էր, և ուսուցչկան անձնակազմը  միշտ Վահեին էր տանում ամենաազդեցիկ ասմունքի մրցույթներին: Իսկ Վահեի հաջող լինելու բանաձևը՝ ըստ եղբոր… «Վահեն միշտ ժպտում էր, դեմքին միշտ ժպիտ կար, դա էլ նրան հաջողություն էր բերում: Բոլորը Վահեին իր սիրուն ժպիտով են հիշում»,- ասաց Գեորգին:

Ճիշտ է, Վահեն փոքր էր, բայց միշտ բոլորին տալիս էր կարևոր խորհուրդներ. «Միշտ մեր կողքին էր, օգնում էր բոլոր գործերում: Եթե հանկարծ սխալվում էլ էինք,  մեզ ասում էր՝ ճիշտ եք արել, չնեղվեք հանկարծ, մարդիկ իրենց սխալների վրա են սովորում»,- վերհիշում է եղբայրը:

Հերոսը, նախքան բանակ զորակոչվելը, սիրահարվել էր Էմմա անունով մի աղջկա, որին քոլեջից տուն ճանապարհելը իր համար իսկական տոն էր. «Ամեն առավոտ ժամը 11-ին Վահեն զանգում էր իր ընկերոջը՝ Վարդանին ու ասում՝ գնացինք, շուտ արա: Գնում էին, կանգնում մինչև 2:45, որ Էմման դուրս գար ու ճանապարհեր տուն: Ամեն անգամ Վարդանին նախազգուշացնում էր՝ հանկարծ ծպտուն չհանես, ու հիացած ամբողջ ճանապարհին նայում էր Էմմային»,- պատմում է Գեորգին:Վահեն բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 15-ին: Նա ծառայության ընթացքում միշտ ունեցել է շատ բարձր ու մարտական տրամադրություն և երբեք ոչնչից չի բողոքել, և անգամ իր եղբոր հետ ունեցած վերջին հեռախոսազանգի ժամանակ մարտական տրամադրությունը անփոփոխ է եղել. «Վերջին անգամ խոսել ենք հենց դեպքի օրը՝ հոկտեմբերի 29-ին, ինձ ասաց՝ աղբե՛րս, ամեն ինչ լավ ա, դժվարն անցել ա, էլ կյանքիս վտանգ չի սպառնում, ես հաստատ գալու եմ…» ,-մեծ ցավով Գեորգին վերհիշում է եղբոր վերջին խոսքերը: Վահեն զոհվել է հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը թշնամու արձակած անօդաչու թռչող սարքի հարվածից: Զվարթ Պետրոսյան