• Пт. Июн 25th, 2021

Դեռ ուշ չէ, վարչապետ Փաշինյանը կարող է զանգել Նեթանյահուին ու լուծել զենքի հարցով առաջացած ճգնաժամը

Окт 5, 2020

Իսրայելը հնարավոր է երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի: Factor.am-ի հետ զրույցում նման պնդում է արել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: Վերջինս նշել է՝ Իսրայելի կառավարության մակարդակով նման խոստումներ են տրվել: «Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնեցնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Երկու-երեք օրից ոնց որ զենքի մատակարարումը կանգնեցնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել:

Դա հեշտ բան չի, փորձում ենք ազդել, բոլոր կանալները օգտագործում ենք, որ ազդենք. այստեղի համայնքը, լրատվամիջոցները, հրեա ընկերները, բոլորն աշխատում են: Կարծում եմ, որ երկու-երեք օրում գուցե ստացվի»,- ասել է նա։

Հավելենք նաև, որ Իսրայելի նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի  նախագահ Արմեն Սարգսյանի հետ և վստահեցրել, որ Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ։

Մեկնաբանելով այս հարցը՝ իսրայելցի հայտնի  վերլուծաբան Ավիգդոր Էսկինն ասաց՝ պատերազմական գործողությունների ամենասզկբից  խոսակցություններ էին գնում Իսրայելից Ադրբեջան մատակարարվող զենքի մասին: «Առաջին անգամ ես այս մասին լսեցի չարամիտ մի ֆեյք օգտատիրոջ գրառումից։. Դա Իսրայելի էպատաժային  քաղաքացու գյուտ էր, որը վերցրել էին որոշ հայկական լրատվամիջոցներ։ Ես ստիպված էի կտրուկ արձագանքել աճող հակասեմական ալիքին: Սակայն հետագայում սկսվեց տեղեկություն հասնել իսրայելական ռազմական օդանավակայան ադրբեջանական ռազմական բեռնատար ինքնաթիռների ժամանման և Բաքու մեկնելու մասին: Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ բեռի մասին է խոսքը, բայց թռիչքների մասին տեղեկատվությունն ինքնին, ըստ երևույթին, հիմնավորված է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ Էսկինը նշեց. «Ինչպես գիտեք, 2015 թվականին Իսրայելը Ադրբեջանի հետ գործարք էր կնքել մեծ քանակությամբ զենքի վաճառքի վերաբերյալ՝ 5 միլիարդ դոլար: Այն  մինչև այժմ ավարտված չէ, և Իսրայելն իրավաբանորեն պարտավոր է պահպանել պայմանագիրը: Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանը հետևողականորեն հրաժարվում էր Իսրայելի հետ ցանկացած հարաբերությունից: Գործարքի ստորագրումից առաջ Հայաստանին առաջարկվում էր Ադրբեջանին մատակարարվող բոլոր տեսակի զինատեսակներից։ Այսօր մենք տեսնում ենք, որ այս գործարքում հաշվի չեն առնվել Հայաստանի շահերը: Սակայն դա ոչ թե նրա շահերը վնասելու, այլ Երևանի կողմից քաղաքական մերձեցումից և բարձր մակարդակի երկխոսությունից հրաժարվելու արդյունք էր: Մշակվում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բացակայության պայմանական ռեֆլեքս: Այնուամենայնիվ, հեռանկարային քաղաքականությունը պահանջում է այլ հայացքներ: Ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելից Ադրբեջան ռազմական բեռները չէին կարող գրգռվածություն չառաջացնել Հայաստանում։ Բոլորն էլ հասկանում են, որ մենք խոսում ենք պայմանագրի կատարման մասին, և որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ երկրների միջև զենքի առևտուրն ազատ  է: Հայկական ԶԼՄ-ների հաղորդագրություններից մենք  նաև իմանում ենք, որ Ղարաբաղում հայերի դեմ պատերազմում իսրայելական զենքը մինչ այժմ անհամեմատ ավելի քիչ է օգտագործվել, քան ռուսական զենքը: Երևանը նաև հասկանում է, որ այս տարածաշրջանում Իսրայելի միակ ռազմավարական ձգտումը եղել և մնում է իրանական ուղղությունը, քանի որ Իրանը բացահայտ սպառնում է Իսրայելին ոչնչացմամբ և աջակցում է նրա դեմ գործող ահաբեկիչներին: Ադրբեջանին օգնել՝ Իրանից անկախություն պահպանելու հարցում,  հասկանալի ռազմավարական խնդիր է: Այնուամենայնիվ, պատերազմի ընթացքում զենքի ցանկացած խմբաքանակ առաջացնում է բազմաթիվ քաղաքական հարցեր: Վերջին տասնամյակների ընթացքում Իսրայելը չի ​​միջամտել այլ   հակամարտությունների»։

Ըստ նրա ՝ բացառություն կարելի է համարել Հունաստանին աջակցությունը՝ ընդդեմ  Միջերկրական ծովում Թուրքիայի շահերի, որը ներառում էր համատեղ ռազմական զորավարժություններ. «Ցանկացած  ռազմական բեռ դեպի հակամարտության գոտի կարելի է համարել մասնակցություն, և այս դեպքում նման որոշում չի ընդունվել:

Ցավոք, Իսրայելում ոչ մի դիրքորոշում չի մշակվել ղարաբաղյան հակամարտության հարցով։ Գործող պայմանագրով ռազմական արդյունաբերությանը թույլատրվեց ընթանալ իր հունով: Այս հարցի վերաբերյալ հանդիպումներ և քննարկումներ չեն եղել: Փաստն այն է, որ կարանտինի պատճառով երկիրը լարված վիճակում է: Շատ կարևոր քաղաքական ասպեկտներ բաց են թողնվել: Ես կարող եմ լիովին վստահորեն ասել, որ խոսքը ոչ թե մտածված քաղաքականության, այլ «կորոնաճգնաժամի» պատճառով բացթողման մասին է: Մենք կարող ենք այս հստակ եզրակացությունը անել, երբ ճիշտ վերլուծենք  իսրայելական շահերը: Մեկուկես ամիս առաջ եբրայերեն ամենահայտնի ռեսուրսը մեջբերեց Մոսադի ղեկավար Յոսի Կոհենը՝ ասելով, որ Թուրքիան Իսրայելի համար ավելի մեծ սպառնալիք է, քան Իրանը: Հոդվածում մանրամասն ներկայացված էր այս մարդու պատճառաբանությունը, որը հսկայական ազդեցություն ունի վարչապետ Նեթանյահուի վրա: Մենք կարող ենք նաև մանրամասնորեն քննել ոչ միայն Իսրայելի դեմ Էրդողանի ռազմատենչ հայտարարությունները, այլ նաև Համասին և այլ ահաբեկչական կառույցներին աջակցելու հատուկ գործողություններ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանում, վկայում է այնտեղ թուրքական ազդեցության զգալի աճի մասին»։

Իսրայելական շահերի տեսանկյունից սա, ըստ Էսկինի, ասացվածքի համաձայն, «ծովաբողկը բողկից քաղցր չէ»՝ նկատի ունենալով Թուրքիան և Իրանը. «Իսրայելցի ամենամեծ տարածաշրջանային փորձագետ Զեև Լևինը իր երեկվա գրության մեջ նշել է, որ Ադրբեջանը պատերազմից հետո Թուրքիային կվճարի Իսրայելին վտարելով: Կասկած չկա, որ Իսրայելի շահերը կհայտնվեն վտանգի տակ, եթե այս օրերին Ադրբեջանը և Թուրքիան  հաջողություն գրանցեն: Կարող ենք նաև վստահորեն ավելացնել, որ Իսրայելի կարգավիճակը տարածաշրջանում շատ ավելի ուժեղ կլիներ, եթե Կովկասում նրա քաղաքականությունն ավելի բազմավեկտոր լիներ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Վրաստանի հետ գերազանց և ջերմ հարաբերությունները հաջող քաղաքականության լավ օրինակ են. «Ադրբեջանի հետ համագործակցությունը օգտակար էր որոշակի ոլորտներում, բայց այն չվերածվեց բարեկամության և քաղաքական փոխգործակցության: Ադրբեջանը դեսպանություն չի բացել մեր երկրում և շարունակում է աջակցել Իսրայելի հակառակորդներին միջազգային բոլոր համաժողովներում: Մինչև վերջերս Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը Հայաստանի չցանկանալու հետևանք է և ոչ ավելին: Բայց հիմա իրավիճակը սկսել է աստիճանաբար փոխվել։ Եթե ​​մենք ուզում ենք բարեկամական կապեր հաստատել, ապա Հայաստանը ստիպված կլինի հաշտվել Ադրբեջանի հետ կնքված հսկայական պայմանագրի հետ, իսկ Իսրայելը՝ հաշտվել Հայաստանի և Իրանի հատուկ հարաբերությունների հետ: Այդ թվում՝ հայ գիտնականների մասնակցությունը իրանական զարգացումներին ուղղված են Իսրայելի դեմ: Բայց հիմա դժվար է անաչառ ու հանգիստ խոսել: Պատերազմ է, որի ընթացքում մարդիկ մահանում են: Վրդովմունքի ալիք տարածվեց ամբողջ Հայաստանում՝ հաճախ վերածվելով զուտ հակասեմական հռետորաբանության»։

Մեր զրուցակցի խոսքով՝ նման արձագանքը չի օգնի շտկել իրավիճակը. «Եվ դա պետք է շտկվի՝ ելնելով երկու երկրների շահերից, ինչպես արդեն նշեցի։ Զարմանք է առաջացնում  Իսրայելից դեսպանի հետկանչը: Թվում է, թե գործելու ժամանակն է: Հմուտ դեսպանը ի վիճակի է հարցի լրջորեն քննարկմանը անձնական հանդիպումներում: Դեսպանը կարող է խոսել ընդունող երկրի լրատվամիջոցների հետ, դիմել հասարակությանը, համախմբել ընկերներին և ազդել որոշումների կայացման ընթացքի վրա: Ինչպես արդեն ասացինք, խոսքը ոչ թե պլանավորված քաղաքականության, այլ ամբողջ թեմայի անտեսման հետևանքով անփութության մասին է։ Վերը նշված պատճառներով Հայաստանը չի դիտարկվել որպես մի երկիր, որի հետ հնարավոր էր բանակցել: Դեսպանատան աշխատանքը տեղում ակտիվացնելու անհրաժեշտությունից բացի, կա նաև մեկ այլ քայլ, որի անհրաժեշտությունը բոլորը հասկանում են: Վարչապետ Փաշինյանը կարող էր զանգահարել վարչապետ Նեթանյահուին: Եթե ​​Փաշինյանը կարդար այս հոդվածում բերված փաստարկները և դրանք փոխանցեր Նեթանյահուին, ապա ամբողջ ճգնաժամը անմիջապես լուծված կլիներ: Դա անելը դեռ ուշ չէ»։