• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Վրաստանին անկանխատեսելի հետևանքների մասին

Автор:admin

Окт 9, 2020

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:

Նախօրեին Վրաստանի իշխանությունը մտահոգություն էր հայտնել տարածաշրջանի հաղորդակցություններին սպառնացող վտանգի մասին: Խոսքը մերձկասպյան արեւմուտքից Վրաստանով Թուրքիա անցնող էներգատարների եւ երկաթուղու մասին է, որոնք անցնում են հայ հրետանավորների «քթի տակով»:

Մի քանի օր առաջ Վրաստանի տարածքում ընկել էին երկու անօդաչուներ, որի կապակցությամբ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է անցկացնում: Թերեւս, դրանից հետո է Թբիլիսին մտահոգություն հայտնել հաղորդակցությունների վերաբերյալ:

Վրաստանի տարածքն այս օրերին ապշերոնյան հանցավոր կլանին թուրքական ու իսրայելական մահաբեր զենքի ու ահաբեկչական պատերազմի սնուցման ճանապարհն է: Վրաստանում նախնական տեղեկություններով իսրայելական հետախուզական ու հարվածային անօդաչուների ընկնելու հանգամանքը հուշում է նաեւ, որ Վրաստանի օդային տարածքը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ՝ հայկական պաշտպանական կարողությունների ոչնչացման նպատակով:

Հայաստանը նրբանկատ ու ըմբռնումով է վերաբերվում Վրաստանի խնդիրներին, միաժամանակ առկա է իրավիճակ, երբ փակելով Հայաստանի մատակարարման ճանապարհը, Վրաստանը նույնը չի արել Բաքվի պարագայում, թեեւ հայտարարել էր չեզոքության մասին:

Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունը փորձում է հայ ժողովրդին փոխանցել վրացական կողմի հավաստիացումների անկեղծությունը, սակայն իրականությունն այլ է եւ, ցավոք, կարծես թե հստակ ուրվագծվող միտումով: Դրա օգտին են խոսում նաեւ Թբիլիսիի ինչ-ինչ քաղաքական հայտարարություններ, մասնավորապես բանակցային միջնորդի դեր ստանձնելու մասին, ինչը լուրջ քննության կարիք ունի՝ պարունակվող վտանգները հայտնաբերելու իմաստով:

Հայաստանը պաշտպանվում է եւ պաշտպանվելու է բոլոր հնարավոր միջոցներով, հասցնելով համաչափ հարվածներ, ինչի մասին հայտարարել են հայ պաշտոնյաները եւ ինչն էլ արվում է: Հաղորդակցություններին վտանգ է սպառնում ոչ թե Հայաստանից, այլ նրանցից, ում համար Վրաստանը բացել է մահաբեր սպառազինության ճանապարհը: Իսկ ի՞նչ է սպասվում Վրաստանին՝ վրաց էլիտան ճիշտ կաներ մտածեր այդ մասին: