• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են Արցախի տարածքում.

Автор:admin

Ноя 12, 2020

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը կարծում է, որ Արցախում պետարզմի դադարեցման համար Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությամբ ու ՌԴ գլխավոր շտաբի հրապարակած քարտեզով Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են Արցախի տարածքում՝ հայկական կամ ռուսական ուժերի վերահսկողության տակ:

«Ուրեմն արել ենք շատ պարզ բան։ ՌԴ գլխավոր շտաբի հրապարակած քարտեզը դրել ենք Google Maps-ի վրա: Պարզվում է որ Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են հայկական (կամ ռուսական) ուժերի տարածքում։ Այն դեպքում, երբ 2-3 օր է՝ մարդիկ ինչ ասես չեն քննարկում, էլ չեմ ասում քանի հոգի է զանգել, ասել՝ «արի գնանք խաչքարերը բերենք»», – նշում է նա ՍիվիլՆեթի հետ զրույցում։

Նա ընդունում է, որ սա դեռևս ճշգրիտ հաշվարկ չէ ու կարիք ունի ևս մեկ մասնագիտական ու ճշգրիտ տեղադրման։ «Թող արձագանքեն պատկան ու կարող մարդիկ և մարմինները։ Կուղղենք, եթե լինեն ավելի հստակ տվյալներ», – ասում է նա։ 

Պետրոսյանը զարմանում է, որ պետական մարմիններում չկար մի հոգի, որ նման բան ասեր կամ աներ։ «Իհարկե դեմարկացիան նախևառաջ կադաստրի գործն է, բայց քանի որ այն վերածվել է «պրոակտիվ չափագրման լվացքատան», ապա դատարկ սպասումներ չունենք», – նշում է Պետրոսյանը։

Այնուհետև նա մատնացույց է անում հաջորդ խնդիրը։ «Ամարասի վանական համալիրը 5 կմ դուրս է մնում մեր տարածքից։ Ուստի առաջիկա մի քանի օրերին նորմալ բանակցությունների դեպքում հնարավոր է փորձել (միգուցե այլ համարժեք տարածք զիջելով) 4-րդ դարին թվագրվող Ամարասը հետ բերել», – նկատում է նա:

Այնուհետև Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահը հռետորական հարց է ուղղում և ինքն էլ պատասխանում: «Պատրա՞ստ է արդյոք կապիտուլացված իշխանությունը նման բանակցության։ Իմ կարծիքով՝ ոչ։ Երանի սխալվեմ», – եզրափակում է նա:

Հատկանշական է, որ Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Դադիվանքը չենք տալիս»: «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»,- նշել է նա Aysor.am-ի հետ զրույցում նոյեմբերի 11-ին:

Նույն օրը՝ ժամեր անց, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Նա դիմեց նաև Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին՝ խնդրելով ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը