• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Բազմիմաստ և տագնապալի արձագանք Գլխավոր շտաբից

Автор:admin

Мар 3, 2021

Հայաստանի ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԳՇ պետի պաշտոնանկության միջնորդության շուրջ ստեղծված իրավիճակին, տալով որոշակի բացատրություններ իրավական ընթացակարգի վերաբերյալ: Սամվել Ասատրյանի անդրադարձի պատճառը թերևս այն է, որ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումից հետո ստեղծվել է իրավական ինչ որ իմաստով կազուսային իրադրություն: Մասնավորապես, հայտնի է, որ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ էլ չստորագրեց Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից հեռացնելու վարչապետ Փաշինյանի միջնորդությունը, միաժամանակ հայտնելով, որ ՍԴ է դիմում Զինվորական ծառայության մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ գնահատականի համար: Փաստացի, Արմեն Սարգսյանը առնվազն որոշակի ժամանակով իրենից հեռացրեց ներքաղաքական փակուղային իրավիճակը հանգուցալուծելու ուղիղ պատասխանատվությունը: Դրանից հետո հրապարակվեցին կարծիքներ իշխանության դաշտից, որ, եթե նախագահը երկրորդ անգամ էլ մերժում է վարչապետի միջնորդությունը, ապա եռօրյա ժամկետում այն ըստ Սահմանադրության մտնում է ուժի մեջ: Այսինքն, նախագահի չստորագրելուց երեք օր անց Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով այլևս ԳՇ պետ չէ:

Մյուս կողմից սակայն հնչեցին այլ իրավական մեկնաբանություններ ու գնահատականներ, որ Օնիկ Գասպարյանը նշանակված է հինգ տարի ժամկետով՝ ինչպես ԳՇ պետի համար սահմանում է Սահմանադրությունը, և նրան վաղաժամ ազատելու ընթացակարգը այդքան պարզ չէ և հետևաբար Օնիկ Գասպարյանը մինչև 2025 թվականի հունիս ԳՇ պետ է, եթե նախագահը չի ստորագրում միջնորդությունը: Այս իրավիճակը Հրայր Թովմասյանի հեղինակած Սահմանադրության համար ցավոք սրտի նորմալ իրավիճակ է, և թերևս Սահմանադրությունը հենց այդ նկատառումով էլ գրվել է՝ ըստ քաղաքական իրավիճակի մեկնաբանելու և քաղաքական ուժի դիրքից այս կամ այն որոշումը կայացնելու համար:

Հենց դա է նաև անհրաժեշտ համարում Հայաստանի համար նոր Սահմանադրությունը կամ էական փոփոխությունը, որն այլևս կբացառի այդօրինակ իրավական կազուսները, հատկապես քաղաքական ճգնաժամերի կամ լարվածության պարագայում:

Վերադառնալով ԳՇ արձագանքին, այն արձանագրելով իրավական խրթին վիճակը, վերջում փաստում է. «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»: Այդ հայտարարությունը բավականին բազմիմաստ է և դրանով հանդերձ տագնապալի: Այն, որ Օնիկ Գասպարյանը ծառայում է պետությանն ու ժողովրդին, շատ կարևոր է և ողջունելի: Բայց խնդիրը այն է, որ գոնե առայժմ ԳՇ շուրջ ստեղծված իրավիճակը ավելի շատ ծառայում է ամենևին հանրային մեծամասնություն չունեցող քաղաքական ուժերի շահի: Ահա այդ համատեքստում է, որ տագնապալի է հնչում այն, թե Օնիկ Գասպարյանը 8 օր շարունակում է լինել զինված ուժերի գլխավոր պաշտոնյան: Պարզապես հարց է առաջանում, արդյո՞ք դա զինված ուժերի գլխավոր պաշտոնյայից ազդակ է այն քաղաքական ուժերին, որոնք «զինվել» են ԳՇ հայտարարություններով և օգտագործում են դրանք քաղաքական նպատակների համար: Արդյո՞ք 8 օրն ազդակ է, որ պետք է այդ ընթացքում հասցնել անել ինչ-որ բան, քանի դեռ Օնիկ Գասպարյանն է ԶՈՒ բարձրագույն հրամանատարը:

Համենայն դեպս, այն, որ Գլխավոր Շտաբը իր վարքագծով շարունակում է խորացնել ստեղծված իրավիճակի անորոշությունը, քան անել լիցաքաթափելու և առավել ևս քաղաքական որևէ շահարկում վանելու քայլեր, հարուցում է որոշակի տագնապ: Տագնապ պետության ճակատագրի համար, որին ծառայելու մասին հայտարարում է Օնիկ Գասպարյանը: