• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

Արցախի 15 հանքավայրերից 13–ն անցել է թշնամուն. կասկածի տակ է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի շահագործումը. Պարսյան

Автор:admin

Ноя 30, 2020

Նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի հետևանքով Արցախի բյուջե ամենամեծ հարկային մուտքեր ապահովող Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրեր շահագործող ընկերությունը լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Բանն այն է, որ ընկերությունն իր արտադրական գործունեության համար անհրաժեշտ ջուրը ստանում էր Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից, որը համաձայնագրով՝ 6 այլ գյուղերի հետ հանձնվել է Ադրբեջանին։

Պարսյանի խոսքով՝ թեև ընկերությունը գյուղից հանել է իր պոմպակայանները, սակայն ներկա պահին ջրի այլընտրանքային աղբյուր չկա։

«Եթե Արցախի իշխանությունները չբանակցեն ադրբեջանական կողմի հետ և չվերականգնեն այս ջրամատակարարումը, ապա այս հանքավայրերի հետագա շահագործումը կդրվի կասկածի տակ։ Իսկ այլ տեղից ջուր բերելը ենթադրում է լրացուցիչ ծախսեր և ժամանակ՝ մոտ 7-8 ամիս»,–ասաց նա։

Տնտեսագետն ընդգծեց, որ ներկա պահին Արցախի տնտեսության թիվ մեկ խնդիրը պետք է լինի այս հանքավայրերի շահագործումն ապահովելը։

«Արցախի ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ–ն է, որի խմբի մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը Արցախում շահագործում է Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրերը: 2019–ին այս ընկերությունը վճարել է 18,7 մլրդ դրամի հարկ, որը կազմում է Արցախի հարկային եկամուտների շուրջ 32 տոկոսը, այսինքն այս ընկերության գործունեության դադարը կարող է Արցախի բյուջեի մեկ երրորդով կրճատման պատճառը դառնալ։ Բացի այդ, այս ընկերությունն ապահովում է երկրից արտահանման 60 տոկոսը և ունի շուրջ 1400 աշխատատեղ»,–ասաց նա։

Տնտեսագետը նաև տեղեկացրեց, որ համաձայնագրի արդյունքում՝ Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 հանքավայրերից 13–ն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ, ինչը մեծ հարված է հասցնելու Արցախի տնտեսությանը