• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

Արցախի ճանաչման հեռանկարը անհանգստացրել է Մոսկվային

Автор:admin

Окт 27, 2020

Կրեմլի խոսնակ Պեսկովը, մեկնաբանելով Վաշինգտոնում հրադադարի վերաբերյալ քննարկումները, նշել է, որ Արցախյան հակամարտությունը չի կարող լինել մրցակցության վայր: Նա նշել է, թե ուշադիր հետևում են և ողջունում են խաղաղ կարգավորման ցանկացած քայլ: Ինչ է նշանակում Պեսկովի հայտարարությունը, թե արցախյան հարցը չի կարող լինել մրցակցության վայր: Կրեմլը մրցակցությո՞ւն է տեսնում Վաշինգտոնի քննարկումներում: Այն, որ մրցակցության պարագայում կողմերը իրապես սկսելու են խանգարել միմյանց և այդպիսով օգնել պատերազմին, կասկածից վեր է:Եվ այդ իմաստով, անկախ այս կամ այն քաղաքական կենտրոնի դիրքորոշումից, մրցակցությունն իսկապես լավագույնը չէ, որ կարող է լինել արցախյան գործընթացում՝ հատկապես երբ խոսքը պատերազմական փուլին զուգորդող գործընթացի մասին է: Վաշինգտոնում քննարկումներից առաջ ՌԴ նախագահ Պուտինը «Վալդայ» ակումբում հայտնի ելույթում հույս էր հայտնել, որ Վաշինգտոնը կօգնի կարգավորմանը: Ի՞նչ օգնություն է ակնկալում Մոսկվան Վաշինգտոնից: Սա, թերևս, առանցքային հարց է, հաշվի առնելով մի էական նրբերանգ: Թրամփը, հայտարարելով արցախյան հարցում պատկերացումների մասին, բերել էր Կոսովոյի օրինակը, որը դիտվել էր իբրև ակնարկ, որ ԱՄՆ-ն կարող է նույն կերպ ճանաչել նաև Արցախը: Արդյո՞ք դա է, որ մտահոգել է Մոսկվային: Ամբողջ հարցն այն է, որ Ռուսաստանն ինքը պատրաստ չէ ճանաչել Արցախը՝ համենայնդեպս առայժմ:Միևնույն ժամանակ, սակայն, չճանաչել, նշանակում է իրավիճակը գցել լավրովյան պլանի տրամաբանության մեջ, ինչը հայկական կողմի համար կապիտուլյացիոն տրամաբանություն է, էլ չասած՝ պատերազմը ձգող տրամաբանություն: Արցախի ճանաչումն է, որ էապես փոխելու է իրադրությունը տրամաբանական խորքից: Թրամփը համենայնդեպս ակնարկել է այդպիսի փոփոխության հնարավորության մասին: Դա թերևս դուր չի եկել Մոսկվային, որովհետև ճանաչելու դեպքում ԱՄՆ-ն ուղղակիորեն կատարած կլինի դիվանագիտական-քաղաքական բլից-կրիգ Կովկաս, այն պարագայում, երբ Ռուսաստանը քննարկում է Թուրքիայի հետ պայմանավորվածությունների հարցը, ինչի մասին խոսում են թե՛ Պուտինը, թե՛ Լավրովը: Արցախի ճանաչումը իսկապես մրցակցային է լինելու ՌԴ համար՝ ստիպելով Մոսկվային հետ չմնալ Նահանգներից և կտրվել Թուրքիայից: