• Чт. Мар 4th, 2021

ARM.C

news

Արմեն Սարգսյանը կճանապարհի՞ երկրորդ վարչապետին |Lragir

Автор:admin

Ноя 17, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ի երեկոյան հայությանն է դիմել ուղերձով, անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտնի իրադարձություններից հետո երկրում ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղիներին: Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ քաղաքական ուժերի հետ խորհրդակցության արդյունքում եզրահանգումն այն է, որ վարչապետը պետք է հեռանա եւ երկրում պետք է լինի խորհրդարանի արտահերթ ընտրություն: Ըստ նրա, դա պետք է տեղի ունենա սահուն, պետականության համար անցնցում ճանապարհով, որպեսզի պարտված ճակատամարտը չվերաճի ազգի պարտության:

Արմեն Սարգսյանը կամա թե ակամա մտնում է վարչապետի հետ հակադրության մեջ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր օրակարգում չկա հրաժարականի հարց: Թեեւ, այստեղ իհարկե վիճակը երկիմաստ է, որովհետեւ վարչապետը ուղիղ չէ, որ հայտարարել է այդ մասին, այլ ի պատասխան կա, թե չկա հարցի, ասել է՝ իր օրակարգում կայունության ապահովումն է:

Հետեւաբար հնարավոր է եզրակացնել, որ, եթե կայունության ապահովումը պահանջի վարչապետի հրաժարական, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է կանգ չառնի դրա առաջ: Արմեն Սարգսյանն էլ խնդիրը դնում է կայունության ապահովման համատեքստում:Հետեւաբար, այստեղ հնարավոր է դիտարկել ոչ միայն հակադրության կոշտացման տարբերակ, այլ հակառակը՝ չափազանց սրված ներքաղաքական անկյունների հնարավոր հարթման եւ իսկապես սահուն, անցնցում հրաժարականի տարբերակը, որ կարող է ծավալվել հեռանալու մեխանիզմի ձեւավորման միջոցով:

Արմեն Սարգսյանը Հայաստանում մի անգամ արդեն ունեցել է վարչապետի անցնցում հեռացման միջնորդական դերակատարություն: Այն ժամանակ վարչապետը Սերժ Սարգսյանն էր, իսկ նախագահ Սարգսյանը միջնորդական ջանք էր գործադրում նրա եւ հրապարակի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Կհեռացնի՞ Արմեն Սարգսյանը երկրորդ վարչապետին:

Արմեն Սարգսյանը դրսեւորում է իր քաղաքական դերի էական աշխուժացման միտում, չունենալով դե յուրե մեծ լիազորություններ: Հատկանշական է մի պահ՝ Արմեն Սարգսյանը նույն օրը հանդիպել էր Հադրութի տեղահանված բնակիչների հետ, եւ այդ հանդիպման մասին հաղորդագրությունում ուշադրության էր արժանի մի փաստ: Սարգսյանը ափսոսանք էր հայտնել, որ եռակողմ համաձայնությունների գնալով չեն օգտագործվել բանակցելու իր բազմամյա փորձն ու հնարավորությունները:

Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ մամուլից է տեղեկացել դրա մասին:

Նախագահ Սարգսյանի աշխուժացման եւս մի հատկանշական եւ ուշադրության արժանի դրվագ կարող է լինել այն, որ նոյեմբերի 15-ին նախագահը Աբու Դաբիում հանդիպել էր Աբու Դաբիի թագաժառանքի, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Հանգամանքը, որ Հայաստանի ներքին ու անվտանգային լարված իրավիճակում նախագահ Սարգսյանն այցելում է Աբու Դաբի եւ հանդիպում թագաժառանգի հետ, խոսում է անշուշտ նպատակի առանձնակիության մասին:Ինչի մասին եւ ինչպես կխոսի արդյունքը: