• Пт. Мар 5th, 2021

ARM.C

news

Արթուր Դավթյանը հանձնարարականներ է տվել ԱԱԾ-ին և Ոստիկանությանը

Автор:admin

Дек 7, 2020

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր գրություններ է ուղարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Ոստիկանության պետին՝ հորդորելով անհապաղ միջոցառումներ ձեռնարկել զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաև հնարավոր նախապատրաստվող՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու և բացահայտելու, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ։

Դատախազությունն իր տարածած հաղորդագրությունում նշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանության համար ռազմական գործողություններին մասնակցության նպատակով մեծ թվով անձանց տարբեր զինատեսակների և ռազմամթերքի տրամադրումը լուրջ վտանգներ է ստեղծել ռազմական գործողությունների ավարտից հետո դրանց ապօրինի շրջանառության համար: Վերջինիս վկայությունն են, ըստ դատախազության, Արցախից դեպի Հայաստան ապօրինաբար զենք և ռազմաթերք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը, դրանցով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերը։

Իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, ըստ Գլխավոր դատախազության, «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց հետ կապված հանցագործությունները, հրապարակային ելույթներում, այդ թվում՝ նաև դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կազմակերպված հավաքում հնչեցված՝ որոշակի գործողություների անխուսափելիության կամ թույլատրելիության մասին դիրքորոշումներով համեմված հայտարարությունները, ստեղծում են զենքի ապօրինի գործադրմամբ հանցավոր դրսևորումների ռիսկեր և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների, այդ թվում՝ նաև զանգվածային հավաքներին մասնակցող, կյանքի և առողջության պաշտպանությանը, հասարակական կարգին սպառնացող վտանգներ»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» անցումային շրջանի վարչապետի թեկնածու ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը դեկտեմբերի 5-ի հանրահավաքին հայտարարեց․- «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ ինքը ինչքան շուտ կամավոր հրաժարական տա, այնքան իրեն լավ: Շարժումը չհաղթեց՝ գազազած ժողովուրդ իրեն կհոշոտի: Այս շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում, ձախողվեց՝ ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»:

Դատախազությունը Հայաստանի քաղաքացիներին կոչ է՝ անում «զերծ մնալ բռնություններով կամ բռնության գործադրման կոչերով զուգորդվող գործողությունների դիմելուց կամ դրանցում ներգրավվելուց»: Հակառակ դեպքում, ինչպես դատախազությունն է նշում, «հանցավոր արարքներ կատարող բոլոր անձինք օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն քրեական պատասխանատվության»: