• Чт. Мар 4th, 2021

ARM.C

news

Առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ. Փաշինյան

Автор:admin

Дек 9, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առանձին վերցված խմբերի ձայները չշփոթել ժողովրդի ձայնի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչու վարչապետը հրաժարական չի ներկայացնում՝ անսալով ժողովրդի կոչերին:

«Ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը, մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու, արտահայտվելու հնարավորություն ունենա և մենք առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իր և կառավարության մեծագույն անելիքը համարում է այնպես անելը, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո վտանգի չենթարկվի:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: