• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Անհասկանալի ու վտանգավոր մի վիճակ է ստեղծվել Սյունիքում։

Автор:admin

Ноя 27, 2020

1990-ականների հայ–ադրբեջանական հակամարտության օրերին, սպարապետ Վազգեն Սարգսյանը անձամբ եկավ Սյունիք

Գորիսեցի լրագրող, «Մաքուր Գորիս» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Էլմիրա Բալասանյանը նախաձեռնող խումբ է ստեղծել  եւ կոչով դիմում է սյունյաց աշխարհի գեղանի կանանց ու աղջիկներին։

Որպես սյունեցի մայր ու կին՝ մեր զրուցակիցը մտահոգ է երկրի ճակատագրով,  քանի որ անհասկանալի ու վտանգավոր մի վիճակ է ստեղծվել Սյունիքում։

«Սյունիքի մարզի համայնքի ղեկավարները,  բնակավայրերի վարչական ղեկավարները պատերազմի առաջին օրից խրամատներում են։ Թիկունքն ապահով էր։ Սակայն այժմ, երբ թշնամին համարյա մեր սահմանների մոտ է, հասել է պահը եւ  հայրենասեր, նժդեհյան ոգով տոգորված սյունեցի կինը  չպիտի լռի»,–ասաց տիկին Բալասանյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում։

Լրագրողը  հիշում է՝  մոտ 30 տարի առաջ, 1990-ականների հայ–ադրբեջանական հակամարտության օրերին, սպարապետ Վազգեն Սարգսյանը անձամբ եկավ Սյունիք, հանդիպեց  բնակիչներին՝ ներկայացրեց  ստեղծված իրավիճակը, պատասխանեց  բոլոր հետաքրքրող  հարցերին։

Էլմիրա Բալասանյանը չի կարողանում  գտնել այն հարցի պատասխանը, թե հայրենի իշխանությունները ի՞նչու են անտարբեր Սյունիքի ճակատագրի հանդեպ ։

«Սեպտեմբերյան պատերազմի առաջին իսկ օրից սյունեցի տղամարդիկ առաջնագծում էին։ Թիկունքում գտնվողները՝ սյունեցի կանանց հետ աշխատում էին մեր զինվորների, տեղահանված արցախցիների համար՝ նպաստելով սոցիալ–տնտեսական խնդիրների լուծմանը։ Գորիսը դարձել էր մարդասիրության կենտրոն։ Ամեն ինչ անում էին հաղթանակի համար, բայց․․․»,–ասաց տիկին Էլմիրան։

Մեր զրուցակիցը համոզված է՝ սյունեցի կանանց կոչին կմիանան  Հայաստանի այլ տարածաշրջաններում ապրող կանայք։

«Հայաստանի սիրասուն եւ քաջ կանայք, միացե՛ք սյունեցի կանանց կոչին, տեր լինենք ու Սյունիքում պահանջենք աշխարհաժողով  հրավիրել։ Իշխանավորները թող պատասխանեն մեր հարցերին։ Պահանջատեր լինենք մե՛ր երկրին, մե՛ր առյուծ տղաների  թափած արյունը ջուր չպիտի դառնա»,–հորդորում է Էլմիրա Բալասանյանը։

Նրա խոսքով, կոչը  կտեղադրվի սոցցանցերում եւ ցանկացողները   կարող են միանալ , առցանց ստորագրել։

«Պահանջում ենք, որ իշխանավորները  գան ու պատասխան տան ստեղծված իրավիճակի համար, հերիք է ժողովրդին ցույցերի հանեն, զինվորի ծնողին անպատասխան թողնեն, հայրենիքը խաղալիք դարձնեն։ Պահանջում ենք ԱՇԽԱՐՀԱՀԱՎԱՔ»,–եզրափակվում է սյունեցի կանանց կոչ–պահանջը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ aravot.am