• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

Անհայտ անձինք հարձակվել են դպրոցի վրա և առևանգել աշակերտների

Автор:admin

Дек 13, 2020

Զինված անձանց խումբը հարձակվել է Նիգերիայի հյուսիսում գտնվող Կացինա նահանգի դպրոցներից մեկի վրա, որտեղ սովորում է ավելի քան 800 երեխա, աշակերտների մի մասին առևանգել են. առևանգված մարդկանց թվի վերաբերյալ տվյալները զգալիորեն տարբերվում են, ավելի քան 400 մարդ կարողացել է փրկվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով նիգերիական Vanguard պարբերականին:

Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Կանկարա քաղաքում: Ըստ թերթի՝ զինված մարդիկ անկանոն կրակոցներ են բացել քաղաքի փողոցներում: Անվտանգության ուժերի կողմից պատասխան ստանալուց հետո նրանք տեղափոխվել են քաղաքի ծայրամասեր, որտեղ գտնվում է Government Science Secondary School դպրոցը: Ուսումնական հաստատությունում անհայտ անձինք նույնպես սկսել են կրակել:

Պարբերականի տվյալներով ՝ դպրոցում սովորում է ավելի քան 800 աշակերտ: Ոստիկանության խոսնակ Գամբոհ Իսայի խոսքերով՝ իրավապահ մարմիններին հաջողվել է փրկել ավելի քան 200 մարդու, ճշտվում է հարձակման արդյունքում անհետացած աշակերտների թիվը:

«Ոստիկանությունը, Նիգերիայի բանակը և նավատորմը սերտորեն համագործակցում են դպրոցի ղեկավարության հետ՝ պարզելու անհայտ կորած և առևանգված աշակերտների ճշգրիտ թիվը: Միևնույն ժամանակ, որոնողական խմբերը մեծ ջանքեր են գործադրում անհայտ կորած աշակերտներին գտնելու և փրկելու համար»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, նահանգի կրթության հարցերով կոմիսար Բադամասի Չարանչին հայտարարել է, որ դպրոցի վրա հարձակումից հետո հայտնաբերվել է 406 մարդ: Նրա խոսքերով՝ «երեխաները շարունակում են վերադառնալ»: Չարանչին նշել է, որ աշակերտները հարձակմանը հաջորդող գիշերն անցկացրել են անտառում:

Հարձակումից հետո իշխանությունները ժամանակավորապես փակել են նահանգի բոլոր դպրոցները: Նախագահ Մուհամմադ Բուխարին դատապարտել է հարձակումը և կարգադրել է ոստիկանությանը և բանակին գտնել հարձակվողներին: Շաբաթ երեկոյան նա հայտարարել է, որ զինվորականները հայտնաբերել են այն վայրը, որտեղ թաքնվում են հանցագործները: