• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար. վարչապետի ուղերձը

Автор:admin

Ноя 12, 2020

Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում են չափազանց դժվար օրեր: Մեր բոլորի սրտի մեջ կսկիծ կա, մեր բոլորի աչքերի մեջ արցունք, մեր բոլորի հոգու մեջ ցավ: Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտը այնպիսի մի փաստաթղթի ստորագրմամբ, ինչպիսին է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, ըստ էության, հանրային հուսահատություն է առաջացրել եւ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը ակնկալվում է առաջին հերթին ինձանից:

Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ: Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ամեն րոպե շատ կարեւոր է, եւ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Իսկ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով՝ նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը:

Շատերը, իհարկե, կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաեւ Ստեփանակերտը, եւ դրանից շատ բան չէր փոխվի: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է, որովհետեւ եթե կորսվեր Ստեփանակերտը, որը, ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էր Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում՝ չափազանց կանխատեսելիորեն, որովհետեւ այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավական հեռու եւ պաշտպանական կառույցներ ու ամրություններ չունեին։ Նաեւ չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը:

Իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո. Պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր ավելի քան 20 հազար զինվորներ եւ սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջեւ: Այս պայմաններում, հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաեւ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի:

Շատերը, ժամանակի տրամաբանության բերումով, հնարավոր է հարց հնչեցնեն՝ իսկ ինչո՞ւ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ եւ ինչո՞ւ նույնքան մտահոգ չէի դրանից առաջ։ Գործողությունների առումով խնդիրը հետեւյալն է, որ, ըստ էության, հրամանատարի ամենակարեւոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելու մեջ, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, եւ հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն:

Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջեւ: Բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որեւէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի:

Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի, տխրահռչակ փաստաթուղթը եւ այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլեւ ֆիզիկական իմաստով։ Բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարեւոր էր, կարծում եմ՝ նաեւ ձեզ համար:

Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը։ Ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին, թիկունքում այլեւս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա եւ, ուրեմն, եկել էր հրամանատարի ժամանակը հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե՜ ֆիզիկական, թե՜ քաղաքական առումով: Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, եւ ես այդ թուղթն ստորագրել եմ հենց այս գիտակցությամբ:

Ընդ որում՝ այս իրավիճակում եւ պայմաններում հարցը արդեն ոչ թե օրերի եւ շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր։ Ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ:

Շատերը հիմա նաեւ այսպիսի հարց են շրջանառում. իսկ ինչո՞ւ հրաժարական չտվեցի՝ այդ թուղթը չստորագրելու համար: Որովհետեւ դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին՝ այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանը էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց եւ գնաց նման ամոթալի քայլի: Նաեւ այն պատճառով, որ, ինչպես ասացի, որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կարող էր պտտվել, որն այլեւս որեւէ ձեւով հնարավոր չէր լինի կանգնեցնել:

Հաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում է, հետեւյալն է. իսկ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ: Շատ պարզ պատճառով. ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաեւ հակառակորդին, դեռ ավելին՝ մեր 25 հազար զինվորների ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Եւ հետո, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջեւում են: