• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

ԱՄՈԹ ՈՒ ՆԱԽԱՏԻՆՔ ԱՇԽԱՐՀԻՆ| Հրապարակ

Автор:admin

Окт 17, 2020

Մեծ ցավով ու կսկիծով եմ գրիչ վերցնում: Տեսնելով մեր միայնակ ու դաժան պայքարն այս արհավիրքի դեմ՝ կարելի է ասել, որ մոնղոլ-թաթարական այս հորդաներն ինչպես 14-րդ դարում մտան մեր դրախտային երկիրն ու ավիրեցին, նույնը կրկնվում է 21-րդ դարում՝ քաղաքակիրթ կոչվող աշխարհի աչքի առաջ: Եվրոպա, ԱՄՆ, Չինաստան եւ այլն, չհաշված անիմաստ հայտարարությունները, ոչ մի սանկցիա չեն կիրառում տեռորիստի դեմ կամ չեն փորձում ճանաչել Արցախի անկախությունը: Եվ սա պետք է մեր ժողովրդին ստիպի հետադարձ հայացք գցել իր անցյալին: Պատմության ընթացքում 12 անգամ ռուսը պատերազմել է թուրքի դեմ: Բոլոր պատերազմների ընթացքում հայերը եղել են ռուսների հետ առաջին շարքերում, որն էլ պատճառ դարձավ 15 թվի մեծ եղեռնի: Հայ զինվորը կռվել է Բուլղարիայի ազատագրական կռիվներում: Անդրանիկի կամավորական բանակը հերոսական կռիվներ է մղել բուլղար ժողովրդի կողմից: Հայ զինվորը կռվել է Ուկրաինայի, Բելառուսի ազատագրման համար, կռվել է Չեխիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, մերձբալթյան երկրներում:

Նշածս բոլոր երկրներում կա հերոսաբար զոհված հայ զինվոր: Էլ չեմ ասում մեր հրամանատարների, գեներալների հաղթարշավի մասին: Մենք զոհեր ենք տվել նաեւ ռուս-ճապոնական կռվի ժամանակ: Ո՞ւմ եւ ինչի՞ համար ենք մեր ազնվագույն արյունը հեղել, Դրոն նույնիսկ շատ հրեաների է փրկել 2-րդ համաշխարհայինում: 

Դարեր շարունակ եղել ենք պատվար վրացիների համար։ Մեր երկիրը ոտնատակ է գնացել, բայց քանի-քանի անգամ ենք պաշտպանել Վրաստանը ասպատակողներից, երեւի հանուն այն ազնվական հայ հարուստների, որոնք շենացնում ու ծաղկեցնում էին Վրաստանը, իսկ Երեւանը մի գյուղաքաղաք էր ընդամենը: Բոլորի համար, բոլոր ժամանակներում կռիվներին մասնակցել է նաեւ սփյուռքը՝ կամավորներով եւ բազմամիլիոն օգնություններով: 2-րդ համաշխարհայինին սփյուռքը Ռուսաստանին նվիրեց մի ամբողջ տանկային շարասյուն, բացի դրանից՝ հարյուրավորները կռվում էին Ռուսաստանի կողմից: Մեր խելքը, ուժը, գիտելիքը միշտ սիրով տվել ենք ուրիշներին: Մեր ազգի ընտրանին օգնեց Լենինին, Ստալինին, կոմունիստներին՝ հաղթանակի հարցում: Սակայն ինչքա՜ն հայ սպանվեց նրանց իսկ ձեռքով: Կորցրինք մեր չքնաղ երկիրը նրանց իսկ պատճառով: 21-րդ դարում մի ազնիվ քրիստոնյա ժողովուրդ է ոչնչանում, եւ քար լռություն՝ ոչ մի օգնող, ոչ մի ընկեր ու բարեկամ չունենք: Ռուսը չի ցանկանում հայատյաց Էրդողանին զսպել, թեպետ կարող է։ Իրանը չի ցանկանում՝ ինքն էլ իր շահերն ունի: Վրացին միշտ եղել է այդպիսին, անգամ օդային սահմանն է փակել մեզ համար: 

Լավ թե վատ՝ մենք դուրս կգանք այս վիճակից, սակայն հարկավոր է հետեւություններ անել: Համախմբման, միասնականության, սիրո եւ աջակցության՝ մեկս մյուսի նկատմամբ: Բավական է այլ ազգերին սիրենք ավելին, քան ինքներս մեզ: Բավական է տանք մեր ուժը, խելքը, միտքը այլոց: Ժամանակն է սիրով եւ ներողամտությամբ վերաբերվենք մեր սխալ մտածողին եւ սխալ գործողին: Սա դաս լինի մեզ, որ մենք այս արեւի տակ մենակ ենք: Եվ մենք էլ պետք է քաղաքականության մեջ խորամանկենք ու խուսանավենք: Թուրքի նման տականքը աշխարհն իր բուռն է հավաքել: Մեր ուժն ու խելքը ծառայեցնենք մեր հայրենիքի հզորացմանը, լինենք շրջահայաց եւ անդավաճան մեզ ու մեր երկրին: Ամոթ ու նախատինք աշխարհին: