• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

ԱՄՆ կոնգրեսականները Թրամփի վարչակազմին կոչ են արել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Автор:admin

Окт 23, 2020

Կոնգրեսական Բրեդ Շերմանը, Թի Ջեյ Քոքսը, Ջիմ Կոստան և Քեթրին Քլարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել այն մարդկանց դեմ, որոնք պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի շարունակական արշավի համար։

«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումից անցել է չորս շաբաթ։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հաստատել են Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության դեմ կասետային զինամթերքի կիրառումը, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է», – հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը:

Շերմանի խոսքով՝ ադրբեջանցի պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Արցախում տեղի ունեցող մարդու իրավունքների շարունակական խախտումներում իրենց դերակատարության համար և մարդու իրավունքների ոլորտում հաշվետվողականության մասին Մագնիտսկու գլոբալ օրենքին համապատասխան պատժամիջոցների կիրառումը ԱՄՆ-ի կողմից խիստ պատասխան կլինի նրանց գործողություններին։

Կոնգրեսական Շերմանը, Քոքսը և նրանց գործընկերները Թրամփի վարչակազմին ուղղված իրենց նամակում պնդել են, որ «Ադրբեջանի շարունակվող գործողությունները սպառնում են Հարավային Կովկասում ամերիկյան ռազմավարական գերակայությանը և տարածաշրջանում միջազգային քաղաքական համակարգերի կայունությանը: ԱՄՆ-ի կողմից առանց վճռական պատասխանի բռնության շարունակվող էսկալացիան կարող է վերաճել շատ ավելի ընդգրկուն հակամարտության, որը կսպառնա ոչ միայն արցախցիների, այլև ողջ Կովկասում բնակվող անմեղ քաղաքացիական անձանց կյանքին»: