• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Ադրբեջանը սկսում է տնտեսական պատերազմի նոր փուլ

Автор:admin

Дек 4, 2020

Ադրբեջանը հայտարարել է, թե Ղարաբաղում պատրաստվում է կառուցել տեխնոլոգիական պարկեր, կենտրոններ, ինչի առնչությամբ արդեն համաձայնագիր են ստորագրել թուրքական GOSB տեխնոպարկի հետ: Ղարաբաղ ասելով խոսքն ըստ երևույթին այն տարածքների մասին է, որ պատերազմի ընթացքում Արցախում օկուպացրել է Բաքուն: Ալիևը պատերազմի դադարից անմիջապես հետո հայտարարում է քաղաքացիական, տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ինտենսիվ նախագծերի և շինարարության մասին: Թե այդ հայտարարությունների որ մասն է քարոզչություն, իսկ որը՝ իրագործվելիք քաղաքականություն, բարդ է ասել. Ալիևի ներքին և արտաքին քաղաքական խնդիրները պատերազմով չեն ավարտվել, դրանք ստացել են պարզապես այլ բնույթ:

Միևնույն ժամանակ, իրավիճակը հակասական է հայկական կողմի համար: Մի կողմից՝ կան իրավաքաղաքական խնդիրներ՝ կապված այդ օկուպացված տարածքների, մասնավորապես Հադրութի, Շուշիի, տեղահանվածների վերադարձի, հայկական բնակչության սեփականության հետ: Մյուս կողմից՝ եթե Ադրբեջանը աշխույժ լինի քաղաքացիական ենթակառուցվածքների ձևավորման հարցում, դա իհարկե իր հերթին կարող է լինել իրավիճակի լարվածության որոշակի լիցքաթափման դրվագ և կայունության երաշխիք հետագա հեռանկարի համար:

Մյուս կողմից՝ ակնառու է, որ Ադրբեջանն այդ ամենը դիտարկում է արդեն տնտեսական պատերազմի համատեքստում, և այդ իմաստով արցախյան լայնամասշտաբ երկրորդ պատերազմից հետո Բաքուն ձեռնամուխ է լինում փաստորեն տնտեսական երկրորդ պատերազմին: Առաջինի դեպքում, պարտված լինելով ռազմադաշտում, խաղաղության տնտեսական պատերազմում Բաքուն փաստորեն հաղթեց՝ դնելով այդ հաղթանակը իր փաստորեն ապագա ռազմական հաղթանակի հիմքում: Այդ հաղթանակից հետո Ադրբեջանը փաստորեն Հայաստանին՝ ներառյալ Արցախը, թելադրում է տնտեսական երկրորդ պատերազմը:

Ավելորդ է թերևս ասել, թե ինչ է սպասելու մի քանի տասնամյակ անց, եթե Հայաստանը և Արցախը տանուլ տան տնտեսական երկրորդ այս պատերազմը: Իհարկե, վերջին հաշվով օրակարգում է նաև Ադրբեջան պետության հարցը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների հեռանկարի համատեքստում, սակայն դա արդեն մի հարց է, որ մեզանից կախված չէ, հետևաբար մենք ունենք թեժ պատերազմից հետո մեզ պարտադրվող տնտեսական նոր պատերազմին դիմագրավելու խնդիր:

Առայժմ, սակայն, Հայաստանում նշույլն իսկ չի երևում, թե մենք գնում ենք կամ պատրաստվում ենք դրան: Հայաստանում ներքաղաքական պայքար է, ոչինչ ավելի: Անգամ որակի և բովանդակության աճ այդ պայքարը չունի: Այսինքն՝ ակնհայտ է, որ մենք առնվազն ժամանակ ենք կորցնում: Սրան զուգահեռ՝ առկա է նաև տնտեսական պատերազմի աշխարհաքաղաքական համատեքստը: Այդ իմաստով հատկանշական է, որ Բաքուն գործակցում է Թուրքիայի հետ:

Բանն այն է, որ առաջին տնտեսական պատերազմում Հայաստանի պարտությունը նաև Ռուսաստանի տնտեսական պարտությունն էր, թեև ավելի ճիշտ կլինի ասել, որ Մոսկվան հրաժարվեց մասնակցել առաջին տնտեսական պատերազմին: Կհրաժարվի՞ նաև երկրորդին մասնակցելուց, թե՞ Թուրքիայի հանգամանքը կխթանի, որ Մոսկվան իր հերթին մտածի Արցախում ոչ միայն ռազմական ներկայությամբ բավարարվելու, այլ նաև տնտեսական մրցակցության մեջ մտնելու մասին:

Հեղինակ՝ Արամ Ամատունի. 1in.am